Ճանապարհորդի գրառումները. Փհուկետ կղզի

22:43   28 հունիսի, 2013

Թայլանդ, Փհուկետ կղզի: Այն յուրահատուկ աշխարհ է, հեքիաթ, ուր ընկնում ես գորշ առօրյայից: Փհուկետում շատ գեղեցիկ է: Կղզին բառացիորեն թաղված է տրոպիկական հյութեղ կանաչի մեջ: Տաք ծովի թարմ հոտ, արմավենիներ, լողափերի սպիտակ, մաքուր ավազ, անճոռնի փղեր եւ փոքրիկ զվարճալի կապիկներ. Ռուսաստանի բնակիչների համար այս ամենն էկզոտիկա է: Ուրիշ ինչի՞ մասին կարելի է երազել, երբ նստած ես գրասենյակում կամ կանգնած ես խցանման մեջ: Շուրջդ բոլորը ժպտում են. թայլանդացիները, որովհետեւ այդպես է ընդունված, եւ զբոսաշրջիկները, որովհետեւ արձակուրդում են եւ նրանց մոտ ամեն ինչ հրաշալի է: Մթնոլորտը տրամադրում է, եւ ինքներդ էլ սկսում եք ժպտալ: Իզուր չէ, որ Թայլանդն անվանում են հազար ժպիտների երկիր: Հանգստություն, խաղաղություն՝ ցերեկը, դրական լիցքեր, աշխույժ կյանք՝ գիշերը: Յուրաքանչյուրն այստեղ ինչ-որ հոգեհարազատ բան կգտնի:

Արժույթ

Թայլանդի պաշտոնական արժույթը բատն է: Ներկայում փոխարժեքը հետեւյալն է. 1 ԱՄՆ դոլարը հավասար է շուրջ 30 բատի: Բանկերն աշխատում են ժամը 9.00-ից մինչեւ 19.00-ն (հանգստյան օրերին՝ մինչեւ 17.00-ն): Փհուկետում նաեւ ամեն քայլափոխի շուրջօրյա աշխատող բանկոմատներ կան:

Սնունդ

Ակտիվ հանգստի սիրահարներին խորհուրդ եմ տալիս շրջայց վերցնել, որում ներառվում է միայն նախաճաշը: Փորձով գիտեմ, որ էքսկուրսիաների պատճառով հաճախ ճաշին եւ ընթրիքին չես հասցնում: Մթերքի գները տեղական խանութներում մոտավորապես այնպիսին են, ինչպես Հայաստանում: Երկու հոգու համար ընթրիքը սրճարանում կարժենա շուրջ 600 բատ, իհարկե, կախված նաեւ ախորժակից: Մրգերն այստեղ շատ համեղ ու էժան են, նույնիսկ մեզ լավ ծանոթ բանանն ու արքայախնձորը: Խորհուրդ եմ տալիս անպայման գնալ մրգի շուկա:

Ինչ վերաբերում է ազգային խոհանոցին. ճաշակի հարց է, քանի որ այն շատ կծու է: Պատվեր կատարելիս անպայման շեշտեք «no spice»: Այդ դեպքում կկարողանաք ուտել այն: Չնայած մարդիկ տարբեր են: Օրինակ, մեր հարեւաններն ամեն ինչ փորձեցին: Նշեմ նաեւ, որ թայլանդացիները շատ համեղ բրինձ են պատրաստում: Անպայման փորձեք հավով եւ բանջարեղենով բրինձ, վստահ եմ՝ կհավանեք: Սպասարկումը պատշաճ մակարդակի է:

Թայլանդացիները շփման մեջ հաճելի են, շատ սիրալիր, միշտ պատրաստ են ցանկացած հարցով օգնել: Նրանք անընդհատ ժպտում են: Սկզբում այդ տարօրինակ է թվում, բայց լավ երեւույթին շուտ ես ընտելանում, եւ սկսում ես ինքդ էլ ժպտալ:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE