Fast fashion-ի, խելացի գնումների ու Սրբուկի եվրատեսիլյան կերպարի քննարկումների մասին. նորաձեւության խորհուրդներ Արամ Նիկոլյանից

11:13   17 մայիսի, 2019

Երեւանյան հով երեկո, մաքուր օդ, համեղ հյուրասիրություն եւ նորաձեւության խորհուրդներ: Դիզայներ Արամ Նիկոլյանը երեկ՝ մայիսի 16-ին, Alaska by Hans&Franz ռեստորանում՝  ջերմ միջավայրում եւ անմիջական զրույցի ընթացքում նորաձեւության սիրահարներին ու լրագրողներին պատմեց Fast fashion հասկացության մասին եւ խորհուրդ տվեց, թե ինչպես կարելի է խելացի ձեւով կատարել գնումներ:

Ըստ դիզայների՝ մարդիկ հաճախ Fast fashion-ը շփոթում են բարձր նորաձեւության հետ. «Սակայն առաջին հասկացությունը ստեղծվել է  ի հակադրություն նորաձեւությանը»,-ասում է նա՝ շարունակելով.

«Fast fashion-ի դեպքում ամեն մի հավաքածուի թողարկումը 10-15 օր է տեւում:  Այս ոլորտի մասնագետները պետք է շատ արագ կողմնորոշվեն: Սրա առավելությունն այն է, որ կարող եք հագուստը ձեռք բերել արագ, բայց այն շատ արագ էլ դուրս է գալիս նորաձեւությունից: Այսինքն՝ հասանելի է, բայց որակի վրա կարող եք ուշադրություն չդարձնել»:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ Fast fashion-ի դիզայներները կրկնօրինակում են բարձր նորաձեւության դիզայներներին: Նիկոլյանը նկատեց՝ ի տարբերություն բարձր նորաձեւության մասնագետների, որոնք ներկայանում են ցուցադրություններով, գովազդային արշավով, Fast fashion ոլորտում այդ գումարները հաճախ ծախսվում են կրկնօրինակման դեմ ուղղված դատական գործերի վրա:

«Fast fashion-ի դիզյաներները կրկնօրինակելով  բարձր նորաձեւության դիզայներներին՝ հաճախ խանգարում են նրանց»,-ասում է Նիկոլյանը՝ հավելելով, որ այդ ամենին զուգահեռ այս ոլորտի առավելությունն այն է, որ հագուստը ներկայացվում է ցածր գնով, սակայն որակի վրա հույս դնել պետք չէ:

Թե ինչ է Fast fashion-ն արդեն պարզեցինք: Իսկ ինչպե՞ս հագուստների բազմազանության մեջ կատարել ճիշտ ու խելացի գնումներ: Պարզվում է՝ կողմներոշվելն այդքան էլ դժվար չէ:

«Շատ հաճախ ասում են`չգիտեմ ինչ հագնել, համադրել… Դա գալիս է այն սխալից, որ ոմանց համար գնումները հոբբի է, իսկ ոմանք գնում են այն, ինչ պետք է: Smart shopping-ի իմաստն այն է, որ գնես այն, ինչ երկար կօգտագործես եւ կկարողանաս համադրել այլ իրերի հետ: Միգուցե, տարօրինակ հնչի, բայց ես լինելով դիզայներ՝ երբեք շատ գումար չեմ ծախսում հագուսի վրա, փոխարենն ավելի բարձր գումար եմ տրամադրում աքսեսուարներին՝ ակնոց, ժամացույց եւ այլն: Առհասարակ, աշխարհը գնում է այդ ուղղությամբ: Շատ հաճախ մարդիկ իրենց պարզ լուքն աբողջացնում են գեղեցիկ աքսեսուարներով»:

Դիզայները խորհուրդ է տալիս՝ գնումների գնալուց առաջ նախ բացեք զգեստապահարանն ու հասկացեք՝ ինչն է այնտեղ պակասում. այդպես կկողմնորոշվեք, թե ինչով պետք է լրացնել պահարանն ու ինչ գնել, որպեսզի այն նաեւ հեշտությամբ եւ գեղեցիկ կերպով համադրվի պահարանի մյուս պարագաների հետ:

«Գնումներ կատարելիս հաշվի առեք ձեր աշխատանքի ոլորտը, ապրելակերպը, որտեղ կարելի է այդ հագուստը կիրառել: Պահարանի 60-70%-ը պետք է բազային կտորներ լինեն` առանց պրինտների, ավելի պարզ: Իսկ 30%-ը կարող են լինել այն իրերը, որոնք ձեզ առանձնացնում են, ընդգծում առանձնահատկությունը: Նորաձեւ է այն մարդը, որը կարողանում է տարբերվել: Ի դեպ, կարծրատիպ կա, թե հայ դիզայներների մոտ հագնվելը թանկ է, սակայն լինում են զեղչեր, որոնք ձեզ թույլ կտան ձեռք բերել տվյալ հագուստը, պետք չէ վախենալ որեւէ խանութ մտնելուց»,-վստահեցնում է նա՝ խորհուրդ տալով նաեւ ուշադրություն դարձնել հաճոյախոսություններին, որովհետեւ հաճախ հենց դրանք էլ հուշում են՝ ինչն է մեզ առավել սազում:

Նիկոլյանն անդրադարձավ նաեւ հաճախ դիզայներներին վերագրվող կրկնօրինակումներին: Նշեց, որ վերջերս նման բան լսել է նաեւ Սրբուկի եվրատեսիլյան կերպարի մասին, որի հեղինակներն ինքն ու Անի Մեսրոպյանն էին.

«Աբսուրդային է այդպես մտածելը, որովհետեւ նորաձեւության մեջ ասել նոր բան՝ պրակտիկորեն անհնար է: Ես գտել եմ ուղղություն, որը հոգեհարազատ է ինձ, դա իմ արյան մեջ եղած մշակույթն է, ունեմ ոգեշնչման աղբյուրներ, ու փորձում եմ դա դարձնել կրելի եւ նորաձեւ հագուստ: Իսկ Սրբուկը կրում է ուղղակի տղամարդու պիջակ, որից ունեն շատերիս հայրիկներն ու եղբայրները, եւ ասել, թե դա կրկնօրինակում է, աբսուրդային է: Դա դասական տարբերակ է, որից օգտվում են աշխարհի տարբեր բրենդները»:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE