Գնանք թանգարան․ Երեւանում անցկացվել է «Թանգարանների գիշեր 2019»-ը (ֆոտո)

10:11   19 մայիսի, 2019

Հայաստանում եւ Արցախում հարյուրից ավելի թանգարաններ իրենց դռներն էին բացել մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, որպեսզի հարյուրավոր մարդիկ կարողանային ավելի խորը ընկղմվել երկրի մշակույթի մեջ։

«Թանգարանների գիշերը» Երեւանում տեղի է ունենում արդեն 16 տարի շարունակ եւ տարեց տարի նախագծին մասնակցող թանգարանների թիվն ավելանում է։

NEWS.am STYLE-ն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի, ինչպես նաեւ գրող Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։

Անհնար է չթափանցել Հայաստանի մայրաքաղաքում գիշերը տիրող մթնոլորտի մեջ, քանի որ բացի Երեւանի բնակիչներից այս տարի հայոց պատմության եւ հայկական մշակույթի հետ որոշել էին ծանոթանալ նաեւ մեր երկրի հյուրերը։

Միջոցառումից անմասն չեն մանցել նաեւ քաղաքի ամենափոքրիկ բնակիչները, որոնք սրտի թրթիռով ուսումնասիրում էին Թումանյանի հեքիաթներից նրանց կողմից սիրված հերոսներին եւ ծանոթանում էին Սարյանի կտավների պատմությանը, ժպիտով տեղափոխվում էին այդ պատմության մեջ։

Նշենք, որ այս տարի Թանգարանների միջազգային օրվա կարգախոսը հետեւյալն էր․ «Թանգարանները մշակութային կենտրոններ են․ ավանդույթների ապագան»։

Նյութը եւ Լուսանկարները՝ Լիանա Խուդոյանի



© NEWS.am STYLE