Կորեական մշակույթն ու հայերը. Երեւանում կայացավ կորեական ֆիլմերի ցուցադրում (ֆոտո/վիդեո)

17:03   19 մայիսի, 2019

Երեւանում արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է «Կորեկան մշակույթի փառատոնը», որի շրջանակում այսօր՝ մայիսի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ կորեական ֆիլմերի ցուցադրում, որին նախորդեցին ծանոթություններ կորեական մշակույթին եւ սովորույթներին:

Փառատոնը կազմակերպվել էր Կորեայի հանրապետության դեսպանատանը կից մշակութային կենտրոնի կողմից, որի նախագահ  Ուի Մյոնգ Ջեն համոզված է՝ նմանատիպ միոջացառումը նպաստում է, որպեսզի տարեցտարի կորեական մշակույթն ու պատմությունն ավելի ծանոթ դառնան հայերին, ինչի շնորհիվ ամրապնդվում է նաեւ երկու պետությունների միջեւ ընկերությունն ու համագործակցությունը:

Այսօր ցուցադրված առաջին ֆիլմը կոչվում էր «Մենք եղբայրներ ենք», այն կատակերգություն ժանրում էր: Տիկին Ուի Մյոնգ Ջեի խոսքով՝ կորեացիներն ու հայերը միմյանց նման են հումորի յուրահատուկ զգացումով.

«Ինչպես գիտեք՝ ֆիլմերը տվյալ երկրի մշակույթը ներկայացնելու լավագույն միջոցն են: Ես լսել եմ, որ հայերը շատ լավ հումորի զգացում ունեն, կորեացիներն էլ են այդպիսին: Այդ է պատճառը, որ առաջին դիտման համար ընտրվել է հումորային ժանրի մի ֆիլմ: Փառատոնի շրջանակում կցուցադրվի նաեւ պատմական ժանրի ֆիլմ: Երեւի գիտեք՝ Կորեան որոշ ժամանակ եղել է Ճապոնիայի գաղութը. երկրորդ ֆիլմն այդ ժամանակահատվածի փաստերի մասին է. կարծում եմ՝ հայերն այն հետաքրքրությամբ կդիտեն»:

Մինչ ֆիլմի ցուցադրությունը, «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կենտրոնի աշխատակիցները բոլոր հետաքրքրվածներին ներկայացրին կորեական մշակույթին հատուկ տարրեր՝ կնիքներ, կորեական այբուբենի տառերով թեւնոցներ, գրերի ու տառերի հետ ծանոթություններ, սիրված մուլտհերոսներին եւ այլն: Իսկ  հայկական պարային խմբերը ցուցադրեցին նաեւ հատուկ համարներ՝ K-pop ժանրում:

Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE