Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ Փարիզում հուշատախտակ կբացվի

10:57   21 մայիսի, 2019

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ եւ ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում ՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն, հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։

Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի ծննդյան օրվա նախօրեին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպում է մի շարք միջոցառումներ։

Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում կբացվի հուշատախտակ՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի, քաղաքային իշխանությունների, նշանավոր անձանց եւ, իհարկե, Ազնավուր ընտանիքի անդամների ներկայությամբ։ Հուշատախտակը կտեղադրվի Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, եւ որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։

Տոնակատարությունը համերգային ձեւաչափով կշարունակվի Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում, որտեղ Փարիզի ժամանակով ժամը 17:00-ից կսկսվի համերգ՝ նվիրված Ազնավուրի տարեդարձին։ Համերգին ելույթներով հանդես կգան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն եւ այլ երաժիշտներ։



© NEWS.am STYLE