Ինչպիսի՞ն պետք է լինեն «Միսս Տիեզերք» եւ «Միսս Աշխարհ» մրցույթների հայ թեկնածուները. Գոհարի ու Արենայի խորհուրդները

14:13   22 մայիսի, 2019

«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի «Միսս Տիեզերք Արմենիա 2019» եւ «Միսս Աշխարհ Արմենիա 2019» գեղեցկության մրցույթներն այս տարի կանցկացվեն, համապատասխանաբար, հուլիսի 9-ին եւ 15-ին` նոր ձեւաչափով եւ փուլերով: Առաջին մրցույթը կանցկացվի Գյումրիում, երկրորդը` Երեւանում:

Մասնակիցներից յուրաքանչյուրը կկարողանա մասնակցել տաղանդի, սպորտի, ինտելեկտի եւ նորաձեւության առանձին մրցույթների` այդկերպ ցուցադրելով իր տարբեր կողմերը:

«Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանի խոսքով` հասարակության կողմից գեղեցկության մրցույթների հանդեպ հետաքրքրությունը պարտավորեցնում է էլ ավելի զարգացնել այդ ոլորտը Հայաստանում: «Կան երկրներ, որտեղ գեղեցկության մրցույթները տարվա գլխավոր իրադարձություններն են: Սա հնարավորություն է, որտեղ մեր աղջիկները կարող են դրսեւորել իրենց մտքերն ու գաղափարները: «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» մրցույթներում Հայաստանից թեկնածու առաջադրելու բացառիկ իրավունքը պատկանում է «Միսս Արմենիա» հիմնադրամին: Մրցույթն այս անգամ շատ հետաքրքիր ձեւաչափով ենք անցկացնելու, այն կլինի փառատոնային տարբերակով»:

Գոհարը նաեւ անդրադարձավ մրցույթում պլաստիկ միջամտությունների թույլտվությանը` նշելով, որ երկու մրցույթներում էլ ձեւաչափը թույլ է տալիս պլաստիկ վիրահատության դիմած աղջիկների թեկնածությունը, սակայն հավելեց, որ հաճախ առավել մեծ ուշադրության է արժանանում ոչ միայն մասնակցի արտաքին գեղեկությունը, այլեւ նրա գաղափարներն ու սեփական երկրում ունեցած ձեռքբերումները:

«Ամբողջ աշխարհում կարեւորվում են հոգեւոր արժեքները, այն, թե ինչպես ես օգտագործում քո տիտղոսը` համախմբելով մարդկանց: «Միսս Աշխարհը» բարեգործական մրցույթ է, եւ մենք մեր արշավը շարունակելու ենք «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի հաղթողի հետ»:

Գոհարը նաեւ տեղեկացրեց` այս տարի Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Միստր Աշխարհ» մրցույթին, որտեղ մեր ներկայացուցիչը կլինի մասնագիտությամբ բժիշկ Գրիգոր Վարդանյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա մրցույթներին` Գոհարը հայուհիներին կոչ արեց լինել ավելի համարձակ եւ հայտագրվել մասնակցության համար. «Մենք ցանկանում ենք, որ մեր երկիրը ներկայացնի ամենաարժանի թեկնածուն, այդ պատճառով էլ հնարավորություն է տրված, որ շատ աղջիկներ կարողանան մասնակցել մրցույթին: Ես ունեմ մի երազանք, որ մի օր Հայաստանի անունը հնչի` որպես հաղթող»,-նշեց նա:

«Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանն էլ մասնակիցներին կոչ արեց լինել համարձակ, քաջ եւ ցուցադրել նաեւ ներքին գեղեցկությունը: «Մրցույթները միայն սկիզբն են, եւ դրանցում կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ այն ճանապարհը, որն անցնում եք: Ինձ համար շատ կարեւոր էր «Միսս Աշխարհ»-ին մասնակցությունը, այսօր ես աշխարհի տարբեր ծայրերում ունեմ ընկերներ: Փորձառությունը շատ մեծ դեր է խաղում: Աղջիկներին խորհուրդ եմ տալիս լինել ինքնավստահ, տեղեկացված եւ կարողանալ լավ արտահայտվել»:

Անդրադառնալով հաղթող աղջիկների անվան շուրջ հասարակության արձագանքներին` Արենան ուրախությամբ շեշտեց, որ իր հասցեին բացասական մեկնաբանություններ չի լսել, բայց խորհուրդ տվեց լինել ավելի հանդուրժող եւ աջակցել աղջիկներին, քանի որ մրցույթի հաղթողն ամբողջ Հայաստանն է ներկայացնելու միջազգային հարթակում:

«Մարդիկ հաճախ փնտրում են վատ բաներ ու երբ գտնում են, սկսում են քննարկել դրանք` անտեսելով լավ կողմերը: Կցանկանայի, որ այդ մոտեցումը փոխվեր»,- նշեց տիտղոսակիր գեղեցկուհին:

Մրցույթի կազմակերպիչները կարծում են` համաշխարհային բեմում հաջողության հասնելու համար մեր թեկնածուն պետք է ունենա անգլերենի լավ իմացություն, անկաշկանդ խոսք, բեմական կեցվածք, ժպիտ ու բարություն: Ինչ վերաբերում է հայտագրմանը` այն արդեն սկսվել է, իսկ վերջնաժամկետը հունիսի 15-ն է: Մրցութային փառատոնը կմեկնարկի հուլիսի 1-ին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE