Ուիլ Սմիթի կինը խոստովանել է պոռնոգրաֆիայից անառողջ կախվածությունը

17:59   22 մայիսի, 2019

Դերասանուհի Ջադա Պիկետ-Սմիթը՝ Ուիլ Սմիթի կինը, խոստովանել է, որ տառապել է պոռնոգրաֆիայից կախվածությամբ։ Այդ մասին նա պատմել է Red Table Talk հաղորդման ընթացքում, որի տեսագրությունը հրապարակվել է շոուի Facebook-յան էջում։

Ըստ արտիստի խոսքերի՝ իր մոտ «անառողջ վերաբերմունք» է առաջացել պոռնոյի հանդեպ կյանքի այն շրջանում, երբ փորձել է խուսափել սեռական հարաբերությունից։ «Դա դատարկության լրացում էր։ Ամեն դեպքում, այդպես էր թվում, բայց իրականում՝ ոչ»,- պարզաբանել է Ուիլ Սմիթի 47-ամյա կինը։

Նրա խոսքով՝ պոռնոգրաֆիան մարդկանց սխալ պատկերացումներ է տալիս ինտիմ մտերմության մասին, հատկապես դա վերաբերում է տղամարդկանց։ «Պոռնյում երբեք չեն հոգնում։ Այնտեղ երբեք չի հնչում «ոչ» բառը, այդ պատճառով ես հստակ կարող եմ տեսնել, թե ինչպես այն կարող է ոչ ռեալիստական սպասումներ ստեղծել»,- հավելել է նա։

Ընդ որում, Պիկետ-Սմիթն ընդգծել է, որ պոռնոգրաֆիան նաեւ դրական ազդեցություն ունի։ Նրա կարծիքով՝ այն կարող է կանանց օգնել բացահայտել իրենց սեքսուալ նախընտրությունները։  

2018թ.-ի հոկտեմբերին Ուիլ Սմիթը եւ Ջադա Պիկետ-Սմիթը հերքել են տեղեկություններն այն մասին, որ իրենք սվինգեր եւ սայենթոլոգներ են։ Այդ ժամանակ դերասանուհին կատակել էր, որ դա «չափազանց յուրօրինակ կենսակերպ է»։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE