Ռոզի Արմենի հուշերը` երեւանյան համերգներից, նոր համերգի մանրամասներն ու Ազնավուրին նվիրված կատարումը

17:24   22 մայիսի, 2019

Ֆրանսահայ անվանի երգչուհի Ռոզի Արմենը, որը մայիսի 1-ին տոնեց ծննդյան 80-ամյակը, 27 տարի անց Երեւան է վերադարձել նոր մենահամերգով:

Համերգը երգչուհու համար հոբելյանական է: Հենց այստեղ` հայրենիքում, նա կտոնի բեմական գործունեության 60-ամյակը:

Ռոզի Արմենն ու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի դիրիժոր Երվանդ Երզնկյանն այսօր` մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ոչ միայն խոսեցին սպասվող համերգի անակնկալների մասին, այլեւ վերհիշեցին ժամանակին միասին գրանցած համերգային ռեկորդներն ու հիշատակեցին Շառլ Ազնավուրին, որն այսօր կտոներ ծննդյան 95-ամյակը...

«1991-թ-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ռոզիի հետ միասին 6 համերգ ենք ունեցել, ինչը ռեկորդային ցուցանիշ էր: Երբ ինձ առաջարկեցին այստեղ կազմակերպել Ռոզի Արմենի համերգը, շատ ուրախացա, իսկ մի քանի օրվա փորձերը ցույց տվեցին, որ նա հազվագյուտ երգչուհի է, որը կարող է 2 բաժնից համերգ ունենալ:

Ծրագրում կլինեն հին երգեր` նոր գործիքավորմամբ: Կհնչի 20 երգ` կենդանի կատարմամբ, ինչը միշտ չի լինում Հայաստնում: Կմատուցենք Ռոզի Արմենի լավագույն կատարումները»,-խոստացավ Երզնկյանը:

Ռոզի Արմենն էլ իր հերթին նշեց` կլինեն նորություններ. «Ժողովուրդը սիրում է հին երգերը, բայց երկու նոր երգ կինի. մեկը` զուգերգ Սեւակ Ամրոյանի հետ, մյուսը` Միշել Լեգրանի գործերից»,-նաեւ հավելեց, որ վերջին անգամ Հայաստանում երգել է 91 թ-ին: Հիշեց, թե ինչ դժվար օրեր էին. մարդիկ ոտքով էին քայլում դեպի Մարզահամերգային համալիր, իսկ հետո նույն կերպ պետք է վերադառնային տուն...

«Այնպիսի պատասխանատվություն էի զգում` իմանալով, որ այդ դժվարություններին դիմանում էին, որպեսզի գային եւ ինձ լսեին»,- ասում է երգչուհին` հավելելով. «Այսօրվա երիտասարդներին էլ կցանկանայի ծանոթացնել այդ երգերին, որոնք այնքան գեղեցիկ են»:

Այսօր Ռոզի Արմենն իրեն երջանիկ կին է համարում: Ընտանիքը կողքին է, ինքն էլ առողջությունից չի բողոքում: Բայց կարիերայի ծաղկուն շրջանում երգչուհին մեծ ստրեսի ենթարկվեց ամուսնու մահվան պատճառով: Այնուհետեւ զգաց, որ իր ամբողջ սերն ու ժամանակը պետք է նվիրի երախաներին: Այդպես, մոտ տասը տարի չերգեց...

Երգչուհին վերհիշեց նաեւ երեւանյան իր առաջին մենահամերգը: 1965 թ-ին էր: Այն ժամանակ սկսնակ էր, Հայաստանին էլ ծանոթ չէր: Զարմացել ու անհանգստացել էր, երբ համերգասրահի շրջակայքում ոչ մի պաստառ չէր գտել. «Ո՞վ պիտի ինձ ճանաչի եւ գա համերգիս»,-մտահոգվել էր երգչուհին, սակայն որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ բոլոր 12 համերգների դահլիճները լեփ-լեցուն էին:

Հիշում է` հենց առաջին համերգի օրը ծանոթացավ Առնո Բաբաջանյանի հետ: Նշում է` պատիվ է ունեցել անձամբ ճանաչելու նաեւ Պարույր Սեւակին, Մարտիրոս Սարյանին, Սիլվա Կապուտիկյանին եւ հայ մեծերից շատերին, ափսոսում է, որ չհասցրեց անձամբ ծանոթանալ Ազնավուրի հետ, բայց ասում է` նրան շատ է սիրում:

«Առհասարակ, ուրիշ երգիչների երգերը չեմ երգում, բայց Ազնավուրը բացառություն է: Ես ծնվել եմ մայիսի 1-ին, նա` այսօր` մայիսի 21-ին: Ու ինձ հատկապես հարազատ է «Փարիզը սիրում եմ մայիսին» երգը»,-նշեց Ռոզին` երգից փոքրիկ հատված կատարելով ու նվիրելով Ազնավուրի հիշատակին:

Մեծն շանսոնյեի ծննդյան օրվան անդրադարձավ նաեւ մաեստրո Երզնկյանը.

«Ազնավուրի հետ կապված է բոլորիս կյանքը: Երկրաշարժից հետո նրա մոտեցումը Հայաստանի հանդեպ փոխվեց: Այսօր բոլորս ցավում ենք, որ նա մեզ հետ չէ, բայց նա այն մարդկանցից է, որոնք չեն մահանում: Մի քիչ որբացած ենք մեզ զգում, բայց նրա երգերն ու հոգին մեզ հետ են»:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE