Թատրոնի դերասանները՝ օճառային օպերաներում հանդես գալու մասին

15:08   29 հունիսի, 2013

Հայկական թատրոնների դերասանները հեռուստասերիալներում նկարահանվելու մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում: Գ.Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը, ովքեր հայտնի են նաեւ հայկական հեռուստանախագծերից, հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին թատրոնի եւ օճառային օպերաների նմանությունների ու տարբերությունների մասին:

Նարեկ Հայկազյանի կարծիքով, հեռուստատեսությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի դերասանը լրջորեն աշխատի թատրոնում: Բացի այդ, նրա խոսքով, այսօր թատրոնի աշխատավարձով ոչ մի դերասան չի կարող ընտանիք պահել եւ հոգալ մտերիմների մասին: «Իսկ դերասանից բացի ո՞վ պետք է նկարահանվի հեռուստասերիալներում: Շինարարը շինարարությամբ է զբաղվում, տաքսու վարորդու՝ ուղեւորափոխադրումներով, իսկ դերասանի մասնագիտությունը կինոյում եւ թատրոնում խաղալն է: Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի»,- նշեց նա:

Ավելին, դերասանի պնդմամբ, չնայած ամենից հաճախ սերիալները ստեղծվում են բացասական սյուժեների հիման վրա, դրանցից շատերը նաեւ դրական պահեր ունեն, որոշ կերպարներից կարելի է բարություն, հավատարմություն եւ սեր սովորել:

«Կյանքի կարուսել» հեռուստանախագծի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի կարծիքով էլ, դերասանի համար հեռուստասերիալներում նկարահանվելն ամոթ չէ: Նրա խոսքով, այսօր հայկական արտադրության հեռուստասերիալներում խաղում են տաղանդավոր ու հայտնի հայ դերասաններ, եւ ամեն տարի նրանց թիվն ավելանում է:

«Ասեմ ավելին. սերիալները ոչ միայն չեն խանգարում բեմական գործունեությանը, այլ հակառակը, օգնում են: Թատրոնում հայ դերասաններն այնքան էլ հաճախ հանդես չեն գալիս, իսկ սերիալները հրաշալի հնարավորություն են ընձեռում սիրած գործով զբաղվել ամեն օր»,- նշեց նա:

Դերասանները սերիալների հանդիսատեսին կոչ արեցին ըմբռնել իրական եւ մտացածին կյանքի միջեւ սահմանները: Նրանց խոսքով, հարկավոր է հիշել, որ կերպարներն ու սցենարները հորինվում են նախագծի ռեժիսորական անձնակազմի կողմից:



© NEWS.am STYLE