«Կանն 2019». կինոքննադատների վարկանիշը գլխավորում է Ալմոդովարի ֆիլմը

15:16   23 մայիսի, 2019

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ համբավ» («Dolor y gloria») ֆիլմը գլխավորում է Կաննի կինոփառատոնի քննադատների վարկանիշը։ Այս մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակվել են Screen ամենօրյա հանդեսում։

Կինոքննադատների վարկանիշում Ալմոդովարի ֆիլմը 3,3 միավոր է ստացել։ Այն պատմում է ծերացող ռեժիսոր Դոլորեի մասին, որն իր կարիերայի մայրամուտին մի շարք կարեւոր հանդիպումներ է ունենում ինչպես իրականում, այնպես էլ հիշողություններում։ Ֆիլմում խաղում են իսպանացի ռեժիսորի սիրելի դերասանները՝ Անտոնիո Բանդերասը եւ Պենելոպա Քրուզը։ Ալմոդովարը Կաննում մրցանակի է արժանացել երկու անգամ՝ 1999թ.-ին լավագույն ռեժիսուրայի եւ 2006թ.-ին լավագույն սցենարի համար։

Картинки по запросу боль и слава

Կինոքննադատների ցանկի երկրորդ հորիզոնականում ֆրանսիացի ռեժիսոր Մատի Դիոպի «Ատլանիկա» ֆիլմն է։ Դրան հաջորում է չինացի ռեժիսոր Դյաո Ինանյայի «Վայրի սագերի լիճը» ֆիլմը՝ 2.6 միավոր։ Ինանը Կաննի փառատոնին մասնակցել է նաեւ 2007թ-ին։ Նրա «Գիշերային գնացք» ֆիլմն այդ տարի ներկայացված էր «Յուրօրինակ հայացք» ծրագրում։ Ռեժիսորի մեկ այլ աշխատանք՝ «Սեւ ածուխ, բարակ սառույց», բեռլինյան կինոփառատոնի ընթացքում՝ 2014թ.-ին, արժանացել է գլխավոր մրցանակին։  

Картинки по запросу боль и слава

Ցանկում ամենացածր գնահատականին՝ 2,2 միավորի, արժանացել է ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» ֆիլմը։ Այն բացել է Կաննի 72-րդ կինոփառատոնը, որն այս տարի կշարունակվի մինչեւ մայիսի 25-ը։ Գլխավոր մրցանակի համար պայքարում է 21 ֆիլմ, որոնց կեսից ավելին ներկայացնում է Եվրոպան։ Չորս ֆիլմ ներկայացված է Հյուսիսային Ամերիկայից, երեքը՝ Ասիայից եւ մեկական ֆիլմ Լատինական Ամերիկայից եւ Աֆրիկայից։ Այս տարի մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։

Լուսանկարները՝ Кинопоиск



© NEWS.am STYLE