Հայ դիզայներների բարեգործական ակցիան՝ հիվանդ փոքրիկին օգնելու համար (ֆոտո)

16:41   29 հունիսի, 2013

«Cristhas Fashion Studio» ստուդիայում հունիսի 29-ին անցկացվեց հայ դիզայներների հագուստի եւ աքսեսուարների ցուցահանդես-վաճառք՝ «Նորաձեւությունը կարող է անել ավելին» կարգախոսով:

Յոթ դիզայներներ որոշել են միավորվել՝ օգնելու սուր լեյկոզով տառապող 4-ամյա Վահե Մելքոնյանին: Ավելի վաղ հիվանդ երեխայի ծնողները սոցիալական ցանցերում որդու բուժման համար օգնության եւ ֆինանսական միջոցներ հավաքագրելու խնդրանք էին տարածել: Դիզայներներն արձագանքել են՝ որոշելով հագուստի եւ աքսեսուարների սեփական հավաքածուները վաճառել ցածր գներով, իսկ ստացված միջոցներն ուղղվելու են հիվանդ երեխայի բուժմանը:

Իրենց աշխատանքներն են ներկայացրել Քրիստինե Ավետիսյանը, Արամ Նիկոլյանը, Գայանե Սողոմոնյանը, Լուսինե Կոստանյանը, Անի Իսկանդարյանը, Կարինե Գրիգորյանն ու Դիանա Գեւորգյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Քրիստինե Ավետիսյանը հույս ունի, որ նման ակցիաներն ավանդական կդառնան:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE