Կարեն Արայանի առաջին մոնոներկայացումը, Ալինայի զարմանքն ու զույգի՝ օրերս կայացած պսակադրության մանրամասները (ֆոտո/վիդեո)

17:03   23 մայիսի, 2019

Նկարիչ Կարեն Արայանն օրերս ներկայացել է իր համար անսովոր ձեւաչափում: Մայիսի 13-ին կայացել է նրա առաջին մոնեներկայացման պրեմիերան, որի խորագիրն է «Մի մոլորակ, մի ժողովուրդ»:

NEWS.am STYLE-ը նկարչի հետ զրուցել է ներկայացման, պրեմիերայի, ու օրերս իր եւ Ալինա Մարտիրոսյանի կայացած պսակադրության մասին:

Պարզվում է՝ մոնոներկայացման գաղափարը Կարենի մոտ ծնվել է դեռեւս տարիներ առաջ.

«2011 թվականի վերջում գրեցի պոեմ մարդու ու տիեզերքի կապի մասին, անվանեցի «Զարթոնք»: Միշտ մտածում էի՝ ո՞նց էդ գրվածքը դարձնեմ հանրությանը հասանելի: Սկզբում մտածում էի գրքի տեսքով դա անել, հետո մտքովս ֆիլմի տարբերակն անցավ ու այդպես տարբերակներն այս 8 տարվա մեջ փոփոխվում էին, եւ վերջում ծագեց մոնոներկայացման միտքն ու հասկացա, որ դա ամենաճիշտ տարբերակն է: Մոնոներկայացումը անձամբ ներկայացնելով ավելի հասանելի կարտահայտեմ միտքս ու զգացածս, նաեւ ինձ համար մի նոր աշխարհ կբացահայտեմ: Այդպես պոեմը սարքեցի պիես, բեմադրեցի ու ստացվեց»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչը ստիպեց նրան մտորել մարդու ու տիեզերքի կապի մասին.

«Տիեզերական առաքելությունից մեր բոլորիս շեղվելը բերեց այս աշխարհին պատերազմներ, ատելություն, պառակտում, քաղաքականություն ու սահմանափակումներ: Քանի որ այդ առաքելությունը կայանում է մեր բոլորիս միասնական ու մի ամբողջություն լինելու մեջ, ներկայացման խորագիրն ընտրեցի արդեն իսկ որպես գլխավոր հուշում: Ինչո՞ւ անդրադարձա այդ թեմային, որովհետեւ ոչ մեկ չի անդրադառնում դրան, իսկ դա ամենակարեւոր թեման է այսօրվա աշխարհում: Այո, մենք մի ամբողջ ժողովուրդ ենք մի մոլորակի վրա: Ներկայացնում ենք տարբեր ազգեր, բայց մենք բոլորս էլ հայրենակից ենք: Մենք դրա մասին մոռանում ենք, քանի որ տարված ենք համաշխարհային քաղաքականությամբ ու ճիշտ ենք համարում պետական սահմանների գոյությունը: Իսկ դա արդեն սխալ է»:

Հարցին, թե որքանով է կինը՝ Ալինան, օգնել պատրաստվել ներկայացմանը, Կարենը պատասխանեց.

«Բեմադրության հարցում ինձ օգնել են իմ բոլոր ընկերները, ինչի համար խորապես շնորհակալ եմ նրանց: Սկզբից համարյա ամեն բան հենց ընկերներիս խորհուրդով էր, իսկ հետո հասկացա, որ արդյունքը լիարժեք սրտովս չէ եւ կրկին ամեն ինչ ամբողջովին վերափոխեցի այնպես, ինչպես ի սկզբանե մտադրվել էի բեմադրել: Ինչ վերաբերվում է Ալինային՝ անկեղծ կասեմ… Երբ Ալինան առաջին անգամ իմացավ, որ մտադիր եմ մոնոներկայացմամբ հանդես գալ, մենք նույնիսկ վիճեցինք (ծիծաղում է): Ասում էր, որ դա ինձ կշեղի նկարչությունից, որ մեծ բեռ կլինի ինձ համար, քանի որ երբեւէ բեմում չեղած մարդու համար միանգամից մոնոներկայացմամբ հանդես գալը շատ բարդ է եւ այլն: Բայց երբ արդեն կարդացի նրա համար պիեսը, երբ տեսավ փորձերը, մեր վեճերը քչացան եւ հետո ընդհանրապես էլ չվիճեցինք: Անկեղծ ասած՝ իմ բոլոր ընկերի համար էր սա շոկային, որ ինձ պետք է տեսնեն բեմում: Բայց հիմա պատկերն այլ է (ժպտում է)»:

Կարենի խոսքով՝ թեեւ միշտ մտովի պատկերացրել է ներկայացման պրեմիերան, իրականում այդ օրն իրեն առավել մեծ էմոցիաներ է տվել, քան սպասում էր:

«Առաջին 5 րոպեն շատ բարդ էր, չեմ թաքցնի: Հուզմունքս շատ-շատ էր: Իսկ այդ 5 րոպեներից հետո չհասկացա էլ՝ ինչ կատարվեց ինձ հետ, բայց այնպիսի  տպավորություն էր, կարծես ամբողջ կյանքս բեմի վրա էի եղել: Իսկ նոր ներկայացումների մասին կասեմ ընդհամենը, որ սա դեռ սկիզբն է»:

Ի դեպ, ներկայացումը կբեմադրվի նաեւ հունիսի 11-ին: Կարենի խոսքով՝ այն փոփոխությունների չի ենթարկվի:

Ինչ վերաբերում է իր եւ Ալինայի՝ օրերս կայացած պսակադրությանը, նկարիչը նշեց.

«Քանի որ Ալինայի համար պսակադրվելը կարեւոր հանգամանք էր, որոշեցի վերջապես նրա ցանկությունն իրականացնել (ժպտում է): Ինչ-որ հատուկ բան չկար, որ դա տեղի ունենար հենց 2019-ին, պարզապես այս տարվա մեջ դա արեցինք»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE