Ջենիֆեր Լոպեսը՝ Թուրքմենստանի նախագահի ծննդյան ժամանակ ելույթի մասին (վիդեո)

11:08   1 հուլիսի, 2013

Ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը չէր համաձայնի ելույթ ունենալ Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան տարեդարձի առիթով, եթե իմանար, թե մարդու իրավունքների հետ կապված  ինչպիսի խնդիրներ կան այդ երկրում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով աստղի ներկայացուցիչներին: Ավելի վաղ երգչուհուն քննադատել էր մարդու իրավունքների հիմնադրամը:

Լոպեսի ներկայացուցիչը նշել է, որ Թուրքմենստանում ելույթը «մասնավոր կորպորատիվ միջոցառում էր», որը կառավարության կողմից չէր ֆինանսավորվում: Ամեն դեպքում, ԶԼՄ-ների տվյալներով, ելույթի համար երգչուհին շուրջ 1 մլն դոլար է ստացել: Նշվում է, որ հանդիսատեսին ներկայանալուց ընդամենը մի քանի րոպե առաջ Լոպեսին խնդրել են բեմից շնորհավորել Բերդիմուհամեդովին:

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը ելույթից հետո Թուրքմենստանի նախագահի համար կատարել է ավանդական Happy birthday, mister president երգը, իսկ Ֆիլիպ Կիրկորովը, ով նույնպես ելույթ է ունեցել տարեդարձին, Բերդիմուհամեդովին շնորհավորել է թուրքմեներեն: «Թանկագին նախագահ, շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը: Ես ուրախ եմ նորից Ձեզ հետ լինելու համար»,- ասել է նա:



© NEWS.am STYLE