Exclusive. Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն եւ Լեա Կաստելը ժամանեցին Երեւան. արտիստները կիսվեցին Ազնավուրին նվիրված համերգից սպասելիքներով (վիդեո)

00:05   26 մայիսի, 2019

Ֆրանսիացի հայտնի արտիստներ Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն եւ Լեա Կաստելը քիչ առաջ ժամանեցին Երեւան: Երգիչները վաղը` մայիսի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմասնակցեն Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին, որտեղ ելույթ կունենան նաեւ Պատրիկ Ֆիորին, Սլիմանն ու Քեյթ Ռայանը:

«Առաջին անգամ Հայաստան եկել եմ Շառլ Ազնավուրի հետ: Այդ օրվանից սկսած բավականին մտերմացանք, ու նա հաճախ էր պատմում Հայաստանի հանդեպ իր կրքի մասին: Վաղը երգելու ենք այն երգերը, որոնք վստահ եմ` սիրված են բոլորի կողմից»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հելեն Սեգարան` հավելելով, որ այս անգամ իր այցը կարճատեւ է լինելու` պայմանավորված աշխատանքային զբաղվածությամբ:

Հայկական ծագում ունեցող մյուս ֆրանսիացին՝ Րաֆֆի Արտոն, ի դեպ, հայերեն հասկանում էր, որոշ հարցերի, նույնիսկ, փորձեց պատասխանել հայերենով.

«Ինձ համար մեծ պատիվ է այս համերգին մասնակցելը: Իսկ Ազնավուրից ամենից շատ սիրում եմ այն երգը, որը պետք է կատարեմ վաղը` Emmenez-Moi-ը»:

Հայաստան այցի համար առավել ոգեւորված էր Լեա Կաստելը, որն առաջին անգամ է այցելում մեր երկիր: Նա իր ոգեւորությունը կիսեց նաեւ NEWS.am STYLE-ի հետ.

«Շատ ուրախ եմ այս այցիս համար, գիտեմ, թե ինչ պատմական երկիր է Հայաստանը: Անսահման էմոցիաներ ունեմ, քանի որ այստեղ երգելու եմ Ազնավուրի երգերը: Շատ եմ սպասում համերգին, ի դեպ, դաշնամուր էլ եմ նվագելու, հետաքրքիր ելույթ է սպասվում»,-նշեց երգչուհին` հավելելով, որ Հայաստանում մնալու է 3 օր. առաջնահերթ պատրաստվում է զբոսնել Երեւանով: Իսկ հարցին, թե ինչ է տանելու իր հետ Փարիզ, պատասխանեց. «Դեռ չեմ կողմնորոշվել, բայց մինչեւ մեկնելս անպայման տեղյակ կպահեմ»:

Երգիչների հետ «Զվարթնոց» օդանավակայանում մեր հանդիումը` տեսանյութում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE