Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին առաջին անգամ կհնչի մեծն շանսոնյեի եւ երգահան Մարինե Գյուլումյանի հեղինակած երգը

14:14   26 մայիսի, 2019

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգային ծրագրի ընթացքում առաջին անգամ կհնչի Ազնավուրի խոսքերով եւ փարիզաբնակ երգահան Մարինե Գյուլումյանի երաժշտությամբ գրված «Կլեոպատրա» երգը: Մարինեն սպասվող պրեմիերայի մանրամասները պատմել է NEWS.am STYLE-ին:

«2007-ից 2010 թ-երին աշխատել եմ Ֆրանսիայում մի ընկերության հետ, որը գլխավորում էր հենց մեր մեծն հայրենակից Շառլ Ազնավուրը: Այդ տարիներին էր հենց, ավելի կոնկրետ` 2008 թ-ին, երբ ինձ փոխանցեցին Շառլ Ազնավուրի գրած տեքստը եւ ասացին, որ շանսոնյեն ինքն է ցանկացել, որ ես այդ խոսքերի վրա գրեմ երաժշտություն, ինչն ինձ համար մեծ պատիվ էր: Նա նշել էր, որ շատ է հավանում իմ ձեռագիրը, հատկապես Լեյլա Սարիբեկյանի «Կանչում եմ քեզ» երգը եւ ցանկացել էր, որ նույն ոճում գրեմ նաեւ իր տեքստի համար: Ինձ համար մեծ պատիվ է, որ հենց այսօր Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին կլինի երգի պրեմիերան: Երգը կոչվում է «Կլեոպատրա», ամբողջ սիմֆոնիկ նվագամբի համար ինքս եմ արել գործիքավորումը: Այն այսօր կկատարի տաղանդաշատ երգչուհի Ամալյա Մարգարյանը, որը հայտնի է երաժշտական տարբեր նախագծերից. նրա ձայնը շատ համապատասխան էր իմ երգին»,-նշեց երգահանը` մնացած մանրամասները թողնելով ելույթին:

Շառլ Ազնավուրին նվիրված համերգը կկայանա այսօր` մայիսի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Ֆրանսիայից ժամանած հայտնի աստղեր` Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Սլիմանը, Րաֆֆի Արտոն, Լեա Կաստելը եւ Քեյթ Ռայանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մարինե Գյուլումյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE