«Ճարտարապետական մուտացիա»՝ ինչպես չձուլվել մեծ քաղաքին․ Արամ Ավետիսի գրքի շնորհանդեսը (ֆոտո)

16:06   26 մայիսի, 2019

Քաղաքում ապրող մարդու ու նրա խոհերի մասին է երիտասարդ գրող, կինոգետ Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» նոր գիրքը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ մայիսի 25-ին, «Նոյյան տապան» գրախանութում: Հեղինակը նշեց, որ իր գրքի գլխավոր գաղափարն այն է, որ մարդ չպետք է լուծվի քաղաքային իրականության մեջ, այլ ընդհակառակը, պետք է ձգտի պահպանել անհատականությունը․

«Գլխավոր հերոսը ցույց է տալիս քաղաքային մերկ ճշմարտությունը եւ պատմում իր ճանաչած ճշմարտության մասին»։

Նա նշեց, որ գիրքը սկսել է գրել դեռեւս երկու տարի առաջ.

«Դա հետաքրքիր փորձ էր. ես և ընկերս` Երվանդ Մարգարյանը, որոշեցինք քաղաքի մասին իրար նամակներ գրել։ Ես գրում էի առավոտյան, նա ինձ պատասխանում էր երեկոյան։ Հետզհետե զգացինք, որ նամակների ոճն ու տրամադրությունը տարբեր են, եւ որոշեցինք, որ ամեն մեկը պետք է գրի իր գիրքը քաղաքի, մարդկանց ու նրանց խոհերի մասին»։

Արամ Ավետիսը պատմեց, որ գլխավոր հերոսի անունը «Այլախոհ» է․ «նա մի մարդ է, որն ապրում է քաղաքում, դժվարությամբ է պահում իր անհատականությունը քաղաքային մշակույթի մեջ եւ պայքարում է իր «ես»-ը չկորցնելու համար»։

Հարցին՝ արդյոք գլխավոր հերոսի նախատիպը հենց նա է՝ հեղինակը, Արամը պատասխանեց. «Հեղինակները հիմնականում իրենց ալտերէգոն են ստեղծում, եւ իրենց հերոսները հենց իրենք են»:

Ինքը՝ հեղինակը, գրել սկսել է 17 տարեկանից, թեեւ չի սիրում իրեն գրող կոչել, որովհետեւ մարդիկ դա համարում են մեծամտություն, սկսում են համեմատել անցած դարի գրողների հետ․ «Ես պարզապես գրում եմ: Երեւի գրել սկսում ես այն ժամանակ, երբ այլեւս չես կարողանում ինչ-որ մտքեր փոխանցել մարդկանց, որովհետեւ քո խոսքը հնչելիս կարող է շատերին տարօրինակ թվալ»:

«Ճարտարապետական մուտացիա» գրքի խմբագիրն Արամ Սարգսյանն է, դիզայնն արել է Մկրտիչ Մաթեւոսյանը:

Շնորհանդեեսի մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE