16:46 27 մայիսի, 2019Հայտնի ջութակահար եւ վերջերս ավարտված թուրք-ռուսական առաջին փառատոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը «АиФ»-ի հետ զրույցում մեկնաբանել է միջոցառմանը օպերային հայ երգչուհի Աննա Ագլատովայի մասնակցությունը՝ «անկախ այդ երկրի հետ թե ռուսների, թե հայերի ոչ այնքան պարզ հարաբերություններից»։

«Չի կարելի մոռանալ ողբերգության մասին, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, առավել եւս արդարացնել այն, բայց ինձ թվում է՝ ամբողջ ընթացքում «զոհի բարդույթով» ապրելը նման է ծանր հիվանդությամբ ապրելուն, որը սահմանափակում է մարդու գործողությունները։ Դեռ XIV դարում պարսիկ պոետ Հաֆեզ Շիրազին գրել է, «Հազիվ թե տխուր մտքերի եւ վշտի գնով հանապազօրյա հաց գտնես»»,- ասել է Սպիվակովը։

Երաժիշտի խոսքով՝ դժվար իրավիճակներում հարկավոր է դիմել «պոեզիայի օգնությանը, քանի որ պոետները, ինչ-որ իմաստով կանխագուշակող են»։ «Նրանք մարգարե են, տեսնում են տարիներ, հարյուրամյակներ առաջ»,- նշում է Վլադիմիր Թեոդորովիչը։
Հարցին՝ արդյոք դիրիժորը չի՞ վախենում ընկերների եւ հայ կնոջ՝ Սաթի Սպիվակովայի կողմից դատապարտվել «զոհի բարդույթ» արտահայտության համար, փառատոնի գեղարվեստական ղեկավարը նշել է, որ վախենալու ոչինչ չունի, «խիղճը մաքուր է»։

«Ե՛վ տխրության, ե՛ւ վշտի մեջ ես միշտ Հայաստանի ժողովրդի հետ եմ։ Այդպես է մինչ այսօր։ Հասկանում եք՝ ես վրացական, հայկական երաժշտություն եմ նվագում, թուրք-ռուսական փառատոնը բացել եմ թուրքական երաժշտությամբ։ Արվեստն ազատ է եւ պետք է ազատ լինի։ Հնարավոր է՝ միակ ազատ տարածքը, որն այսօր գոյություն ունի աշխարհում։ Ինչպես գրել է Աննա Անրդեեւնա Ախմատովան. «Բարու ու չարի, երկրային ցածրավայրի եւ դրախտի միակ կապը»։ Դա սիրտը սրտին կապող անտեսանելի թել է»,- նշել է Վլադմիրի Թեոդորովիչը։