Դիետոլոգի սենյակ. հաճախ տրվող հարցեր

19:17   1 հուլիսի, 2013

Դիետոլոգ Էլենի Կարապետյանը, հաշվի առնելով հսկայական քանակությամբ նամակներն ու հաղորդագրությունները, որոշել է առանձնացնել ամենից հաճախ տրվող հարցերը:

1. Որքա՞ն ժամանակահատվածում ես կնիհարեմ:

Ամեն ինչ անհատական է, կախված է ձեր օրգանիզմից, ճիշտ սնվելուց, մարզվելուց եւ ճիշտ մոտեցումից: Հիշեք, որ նիհարելու համար ոչ մի հրաշք-միջոց չկա: Գեղեցիկ կազմվածքի կհասնեք միայն համբերության եւ աշխատելու արդյունքում:

2. Ճի՞շտ է, որ որոշ մարդիկ չեն կարող բարեկազմ լինել գեների պատճառով:

Ո՛չ: Դա ամենամեծ առասպելն է: Յուրաքանչյուր մարդու կենսակերպը, այլ ոչ թե գենետիկան է դեր խաղում այն հարցում, Դուք բարեկազմ, թե՞ գեր կլինեք:

3. Ինչպե՞ս նիհարել փորի/ոտքերի եւ մարմնի այլ հատվածներում:

Ոչ մի կերպ: Մասնակի նիհարել անհնար է: Եթե մարդը նիհարում է, ճարպը նվազում է ամբողջ մարմնում:

4. Խիստ դիետան նիհարելու ամենից հասանելի եւ արագ միջո՞ցն է:

Իրականում խիստ դիետան ավելի շատ գիրանալու ամենից պարզ միջոցն է: Մեծ մասը, ովքեր մեկը մյուսի հետեւից իրենց վրա տարբեր դիետաներ են փորձում, արդյունքում ավելի արագ են գիրանում: Պատճառը նյութափոխանակության խանգարումն է:

5. Նիհարելու ժամանակ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադի՞ր է:

Առաջին հայացքից պարտադիր չէ, քանի որ կարելի է կրճատել սննդի կալորիականությունը: Բայց հարկ է նկատել, որ ֆիզիկական վարժություններ կատարելիս խթանում եք սրտի աշխատանքը, ակտիվացնում եք նյութափոխանակությունը: Այդ կերպ խթանում եք գործընթացները, որոնք նպաստում են նիհարելուն:

Էլենի Կարապետյան



© NEWS.am STYLE