Քննադատությունների ու պլաստիկ վիրահատությունների մասին. «Հայաստանի գեղեցկուհի» Հայկուհին եւ «Վիցցե Միսս» Էմմանուելան մեկնաբանում են թեման

16:07   29 մայիսի, 2019

Ինչո՞ւ «Հայաստանի գեղեցկուհի 2019» ազգային գեղեցկության մրցույթն այդքան քննարկվեց համացանցում, իսկ տիտղոսակիր գեղեցկուհի Հայկուհի Մաթեւոսյանը հայտնվեց մեկնաբանությունների թիրախում: Ինչպե՞ս է ինքը՝ Հայկուհին, վերաբերվում իր հասցեին ուղղված քննադատություններին, եւ ի՞նչ քայլեր են կատարելու առաջին եւ երկրորդ հաղթական տիտղոսներին արժանացած գեղեցկուհիներն առաջիկայում:

Այսօր՝ մայիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակում մրցույթի նախագահ Մամիկոն Դանիելյանը, «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսակիր Հայկուհի Մաթեւոսյանն ու երկրորդ մրցանակին արժանացած Էմմանուելա Գրիգորյանը պատասխանեցին նաեւ NEWS.am STYLE-ին հետաքրքրող հարցերին:

Մամիկոն Դանիելյանն անհետթեթ է համարում մրցույթի շուրջ ստեղծված տարատեսակ խոսակցությունները՝ նշելով, որ հաղթող գեղեցկուհուն ընտրել են ոչ թե կազմակերպիչները, այլ պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած ժյուրին: Մասնակից աղջիկների չափանիշները չեն տարբերվել մյուս գեղեցկության մրցույթների չափանիշներից: Ինչ վերաբերում է պլաստիկ միջամտություններին՝ նախապատվությունը տրվել է բնական գեղեցկությանը, սակայն եղել են քթի միջնապատի վիրահատություն կատարած աղջիկներ, ինչը Մամիկոնի գնահատմամբ՝ նորմալ է, քանի որ խոսքը առողջությանն է վերաբերում:

Հայկուհին ինքն էլ նշեց, որ միջանապատի վիրահատություն ունեցել է, սակայն արտաքին այլ փոփոխությունների չի դիմել:

«Ես պլաստիկ վիրահատության չեմ դիմել, ուղղված է քթիս միջնապատը, բայց շուրթերս լցրած չեն»,-հաստատեց Հայաստանի գեղեցկուhին:

Անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին՝ մասնավորապես կապված «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժի հետ («Մեկ կգ բամբա՞կն է ծանր, թե՞ երկաթը» հարցին Հայկուհին պատասխանել էր երկաթը) Հայկուհին հավելեց.

«Կարծում եմ՝ ոչ մի աղջկա համար էլ քննադատությունները հաճելի չեն, բայց մրցույթին մասնակցելով պետք է պատրաստ լինել թե դրական, թե բացասական մեկնաբանություններին: Անկեղծ կլինեմ՝ սկզբում այդ ամենի պատճառով, նույնիսկ, չեմ վայելել այդ օրվա հաղթանակս: Հետո հասկացա, որ կան շատ մարդիկ, որոնք ինձ աջակցում են, որոնց շնորհիվ այդ ամենից դուրս եկա: Հիմա շատ ուրախ եմ ու վայելում եմ հաղթանակս: Ինչ վերաբերում է համացանցում տեղադրված տեսանյութին՝ դա եղել է 2017 թ-ին, երբ մասնակցում էի «Միսս Հայաստան» մրցույթին, հումորային հաղորդում էր, որի շրջանակում մեզ հարցեր էին ուղղում եւ ես հնարավորինս փորձեցի հումորով պատասխանել հարցին: Սկզբում, երբ տեսանյութը տեսա համացանցում, ես էլ, ընկերներս էլ ծիծաղեցինք դրա վրա, բայց նման արձագանքի չէի սպասում: Ինձ ճանաչողները գիտեն, որ այդ հարցի պատասխանով չեն կարող տպավորություն կազմել իմ ինտելեկտի մասին: Սակայն յուրաքանչյուր մարդ կարող է արտահայտոել իր կարծիքը»:

Մամիկոն Դանիելյանն էլ տեղեկացրեց՝ աղջիկներն արդեն մտածում են իրենց տիտղոսն օգտագործել բարեգործական նպատակներով: Հայկուհին, օրինակ, նպատակ ունի առաջին քայլերը ուղղել անապահով ընտանիքներին աջակցությանը.

«Կարծում եմ՝ ցանկացած ոլորտում պետք է արվի բարեգործություն: Առաջին քայլերս կլինեն անապահով ընտանիքների հետ կապված, քանի որ մանկատներում, ծերանոցներում այդ աջակցությունն էլ ավելի շատ է, կան կազմակերպություններ, որոնք այդ գործով զբաղվում են: Անապահով ընտանիքներին աջակցելուց հետո կանցնենք արդեն մանկատներին եւ ծերանոցներն»:

Էմմանուելան շարունակելով նույն միտքը՝  նշեց.

«Ես մրցույթի շրջանակում արդեն ասել եմ, որ իմ նպատակը հաղթանակն էր, բայց գերնպատակս՝ ձայնս լսելի դարձնելը: Չեմ սիրում դա բարեգործություն անվանել, պարզապես սիրում եմ օգնել մարդկանց: Երեւի իմ բարեգործությունը կինի ուղղված ծանր եւ լուրջ հիվանդությունների բուժման աջակցությանը: Այս պահին չունեմ ռեսուրսներ օգնելու համար, բայց կցանկանայի բարձրաձայնել այդ խնդրի մասին: Առհասարակ, կցանկանայի այս աշխարհից հեռանալ՝ իմ հետեւից ինչ-որ բան թողնելով»:

NEWS.am STYLE-ի հարցին՝ արդյոք գեղեցկության մրցույթներին մասնակցելն ու տիտղոս նվաճելը երազանք է եղել, աղջիկները պատախանեցին.

«Երազանք ասել չեմ կարող, բայց երբ առաջին քայլս արեցի 2017 թ-ին այս ասպարեզում եւ հայտնվեցի միայն top 10-ում, ինքս ինձ ցանկացա պատրաստել, եւ այլ մրցույթի մասնակցելով հաջողության հասնել: Ցանկացած մրցույթի մասնակցում եմ մի նպատակով, որը հաղթելն է, ու այս անգամ ստացվեց»,-նշեց Հայկուհին, իսկ Էմմանուելան հավելեց.

«Անկեղծ ասած՝ չեմ պատկերացրել, որ մասնակցելու եմ գեղեցկության մրցույթների: Ոչ թե չէի ցանկանա լինել գեղեցկուհի, ուղղակի միշտ ինձանից հեռու էր մրցույթներին մասնակցելու միտքը: Ինձ համար էլ էր զարմանալի որոշումս, երբ ցանկացա մասնկցել այս մրցույթին»:

Աղջիկները նշում են՝ մրցույթի մյուս մասնակիցների հետ մտերմությունը մինչ օրս շարունակում է, իսկ ինչ վերաբերում է մրցույթից ունեցած ձեռքբերումներին՝ Հայկուհու խոսքով դրանց գումարվել է նաեւ պատախանատվության մեծ զգացումը.

«Մրցույթն ինձ տվեց առաջ գնալու հնարավորություն, բացի այն, որ Հայաստանը կներկայացնեմ այլ մրցույթներում՝ տվեց նաեւ ճանաչում: Այն, որ ես եմ ներկայացնում հայուհու կերպարը, ինձ համար պարտավորեցնող է»:

Մամիկոն Դանիելյանի խոսքով՝ իրենք անելեւ են հնարավորինս, որպեսզի աղջիկների ձեռքբերումները չսահմանափակվեն միայն մրցույթին մասնակցելով: Այս պահին բանակցում են նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք հնարվորություն կընձեռեն հայ գեղեցկուհիներին ներկայանալու նաեւ միջազգային հարթակներում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE