«Քիմը Չիկագոն է, Քորթնին՝ Նորթը». Քարդաշյան քույրերի մանկական լուսանկարը ցնցել է երկրպագուներին

15:48   3 հունիսի, 2019

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի Instagram-յան էջում նոր լուսանկարներ են հրապարակվել, որոնք արվել են մանուկ հասակում։ Լուսանկարները երկրպագուներին կրկին ստիպել են նկատել Քիմի եւ նրա դստեր՝ Չիկագոյի նմանությունը։

Լուսանկարում պատկերված են փոքրիկ Քիմն ու Քորթնի Քարդաշյանը. նրանց գրկել է հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը։ Աղջիկները նույնպիսի վարդագույն գիշերազգեստ են կրում։ «Չիկագոն քո երկվորյակն է», «Չիկագոն նույն տեսքն ունի, ինչ դու, գրողը տանի», «Քիմը Չիկագոն է, Քորթնին՝ Նորթը»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։  

Ավելի վաղ Քիմին ատողները համացանցում գրում էին, թե փոքրիկ Չիկագոն, որին 2018թ.-ին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, նրա կենսաբանական դուստրը չէ։ Պատճառն այն էր, որ Չիկագոն այնքան էլ նման չէր Քիմին։ Նրանց պատասխանել էր Քլոե Քարդաշյանը։

«Չիկագոն Քիմբերլիի ԴՆԹ-ն է։ Նա եւ նրա ամուսինն են էմբրիոնը ստեղծել։ Նրանք այնքան օրհնված են, որ փոխնակ մայրը կարողացել է կրել երեխային, քանի որ Քիմբերլին չէր կարող դա անել»,- ի պատասխան լուրերի՝ ասել էր Քլոեն։



© NEWS.am STYLE