Նաիրա Մովսիսյանի կնքահայրը Նարեկ Դուրյա՞նն է (Ֆոտո)

23:48   31 հոկտեմբերի, 2012

Կինոարտադրությունը Հայաստանում մեծ հաջողությունների չի հասել, եւ տարին գրեթե մեկ է նոր գեղարվեստական ֆիլմ ներկայացվում։ Մինչդեռ սերիալային ծաղկաբույլն ուղղակի հեղեղել է հեռուստաէկրանները: Արդյո՞ք սերիալները կարող են նպաստել հայկական կինեմատոգրաֆիայի զարգացմանը, թե՞ դրանք պարզապես դերասանին թատրոնից հեռացնելու ձեւ են։ Շատ արվեստասերների համար ցավոտ այս թեմայի շուրջ զրուցել ենք դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ…

Ի՞նչ կպատմեք այս մասնագիտությունն ընտրելու մասին: Ի՞նչպես և ինչո՞ւ որոշեցիք դերասանուհի դառնալ։

Տասներկու տարեկան էի ու շատ պատահաբար որոշեցի, որ դերասանուհի պետք է դառնամ: Եւ թեման այդպիսով փակված էր: Տարիներ անց որոշել էի Կոնսերվատորիա ընդունվել, սակայն բոլոր ճանապարհներն ինձ ինքնստինքյան դեպի Թատերական ինստիտուտ տարան։

Երբևէ զղջացել ե՞ք Ձեր ընտրության համար։

Չեմ զղջացել եւ հուսով եմ, որ հետագայում եւս առիթ չեմ ունենա:

Հանդիսատեսին առավել հայտնի եք Ձեր մարմնավորած բացասական կերպարներով։ Իսկ ի՞նչպիսին եք կյանքում։

Կարող եմ վստահեցնել, որ իմ անձն իմ կերտած կերպարների հետ կապ չունի: Բնավ, նման չեմ այն կերպարներին, որոնց մարմնավորում եմ:

‹‹Կյանքի կարուսել›› ֆիլմաշարում Ձեր ներկայացրած կերպարները շատ տարբեր են: Ինչպե՞ս է ընկալում Ձեզ հանրությունը դրանցից դուրս։

Իհարկե, կան մարդիկ, ովքեր իմ անձը նույնացնում են իմ կերպարների հետ։ Անշուշտ, կան նաեւ մարդիկ, ովքեր ժպիտով նշում են, որ նման դերերը լավ եմ մարմնավորում, ապա ավելացնում, որ իրականում ավելի նրբագեղ եմ, քան երեւում եմ էկրանին:

Դերասանուհիների համար բոլոր դռները բա՞ց են, թե՞, այնուամենայնիվ, տաղանդին զուգահեռ ծանոթն է «գործում»։

Գուցե կա նման բան, որի հետ ես չեմ առնչվում, եւ, կարծում եմ, չեմ էլ առնչվի երբեւէ։

Ո՞վ է Ձեզ ‹‹օգնել›› բեմում հայտնվել։

Առաջին անգամ բեմ եմ բարձրացել առաջին կուրսում, մեր կուրսղեկի՝ Վահե Շահվերդյանի շնորհիվ: Հենց նրա միջոցով ես ու իմ շատ համակուրսեցիներ սովորեցինք լինել բեմում, սիրել բեմն ու թատրոնը: Մասնավոր ներկայացումներում ինձ օգնել է Նարեկ Դուրյանը, ում համարում եմ իմ բեմական ‹‹կնքահայրը››:

Կհիշե՞ք Ձեր առաջին կարեւոր դերը, որից հուզվել եք։

Անկեղծ ասած, մի թերություն ունեմ՝ երբեք չեմ հուզվում բեմում, ինչը, ըստ իս, շատ վատ է արտիստի համար: Անշուշտ, բեմի վրա պատասխանատվության մեծ զգացում ունեմ, սակայն իմ տեսակով այնպիսինն եմ, որ երբեք չեմ հուզվել:

Ժամանակ առ ժամանակ հանդես եք գալիս նաեւ թատրոնում: Ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ, հեռուստատեսության, թե՞ թատրոնի ժանրը։

Իհարկե թատրոնի ժանրն ավելի եմ կարեւորում:

Այդ դեպքում ի՞նչու եք ավելի հաճախ երեւում հեռուստաէկրանին։

Ութ տարի խաղացել եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հաճախ եմ եղել բեմում: Պարզապես թատրոնի ներկայացումները քիչ են գովազդում:

Գուցե պատճառը ֆինանսակա՞ն է։

Թատրոնի տրամադրած սուղ միջոցները դերասանի համար թատրոնից հեռու մնալու պատճառ երբեք չեն կարող լինել:

Ասում են՝ թատրոնի դերասանը պետք է ընտրյալ լինի, որ բավարարի հանդիսատեսին։ Մինչդեռ այսօր դերասանն ավելի շատ ձգտում է դեպի հեռուստատեսություն: Համարենք, որ ընտրյալ դերասաններ չունենք, թե՞ պարզապես թատրոնը գումար վաստակելու համար չէ։

Կարծում եմ, բոլոր ժամանակներում էլ եղել են լավ ու վատ դերասաններ, այնպես որ, ամեն ինչ միանշանակ չէ։

Վերջերս շատ է խոսվում սերիալների բացասական ազդեցության մասին։ Կարծում եմ դրան անդրադառնալն ավելորդ է եւ ուշ: Որեւէ դրական բան կասե՞ք դրանց մասին։

Անշուշտ, սերիալներն ունեն նաեւ դրական կողմ։ Ի վերջո, բոլոր երկրներում էլ դրանք արդիական են: Պարզապես պետք է թեթեւ նայել։ Մենք ավելի ծանրացնում ենք՝ ներկայացնելով բարդ տեսարաններ ու սյուժեներ։ Մյուս կողմից, դերասանը սերիալում նկարահանվելով, ձեռք է բերում տեսախցիկի հետ աշխատելու փորձառություն:

Միգուցե սերիալները դրական դեր ունեն կինորատադրության համար, սակայն դրանցում ներգրավվում են ոչ մասնագետները։ Մի՞թե սա չի ազդում դրանց որակի վրա։

Անորակությունն այլ արմատներ ունի։ Ոչ մասնագետ մարդը պարզապես ուզում է հայտնվել էկրանին։ Այլ հարց է՝ արդյո՞ք այդ ամենի հեղինակը վատ է զգում իր ստեղծած ոչ պրոֆեսիոնալ արտադրանքից, թե՞ ոչ:

‹‹Պահանջվում է միլիոնատեր›› ֆիլմում գայթակղիչ ու սեքսուալ կնոջ կերպար էիք ներկայացրել: Հեշտ եք այդպիսի կերպար մարմնավորում, թե՞ պարզապես հարմարվում եք այն դերերին, որ Ձեզ առաջարկում են։

Գուցե՝ միայն առաջին հայացքից է գրավիչ եւ սեքսուալ…



© NEWS.am STYLE