21:25 2 հուլիսի, 2013Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմակ ատամներ, այլեւ առողջ լնդեր, ամուր էմալ: Բերանի խոռոչի խնամքի հարցում կարեւոր դեր ունի նաեւ ատամի խոզանակը: Իսկ ինչպե՞ս ճիշտ ատամի խոզանակ ընտրել: Այդ հարցում NEWS.am STYLE-ի ընթերցողներին կօգնի ատամնաբույժ Անի Քալանթարյանը:
Ատամի խոզանակ հարկավոր է ընտրել՝ հաշվի առնելով ատամի էմալի անհատական առանձնահատկությունները, բերանի խոռոչի անատոմիական կառուցվածքը, ինչպես նաեւ մարդու տարիքը:
Կոշտություն - փափկություն
• Առողջ եւ ամուր էմալի պարագայում՝ միջին կոշտությամբ (medium):
• Մաշված եւ վնասված էմալի դեպքում՝ փափուկ խոզանակ (soft):
• Հետվիրահատական շրջանում եւ պարոդոնտոզի բուժման ընթացքում նույնպես հարկավոր է փափուկ խոզանակ օգտագործել:
Ձեւ եւ նյութ
• Խոզանակի աշխատանքային հատվածի երկարությունը պետք է ծածկի 2-2.5 ատամ (շուրջ 18-22 մմ):
• Խորհուրդ է տրվում օգտագործել միայն արհեստական նյութերից մազիկներով խոզանակ, քանի որ բնական մազիկները մանրէների եւ միկրոօրգանիզմների տարածման օջախ են:
• Մազիկները չպետք է շատ խիտ եւ երկար լինեն:
• Կարճ աշխատանքային հատվածով, տարբեր երկարությամբ մազափնջերով եւ քայքայվածության ցուցիչով խոզանակները նպաստում են ատամներն ավելի լավ մաքրելուն:
• Էլեկտրական խոզանակը թույլ է տալիս ավելի լավ մաքրել դժվար հասանելի հատվածները եւ խնայել ժամանակը:
• Միայն ուլտրաձայնային խոզանակն է օգնում մաքրել լնդերի տակ եւ ամբողջությամբ հեռացնել ատամնափառը:
Խոզանակի փոփոխություն
• Ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ անգամ: Բայց եթե մաքրման գործընթացում փոխվել է մազիկների ձեւն ու դիրքը, ապա խոզանակը պետք է փոխել ավելի շուտ: Լավ կլինի, եթե խոզանակը ցուցիչ ունենա, որը կազդարարի, թե երբ է անհրաժեշտ փոխել այն:
• Ատամները մաքրելուց հետո հարկավոր է լավ մաքրել խոզանակը, որպեսզի մազիկների մեջ ատամի մածուկ կամ սննդի մնացորդներ չմնան: