ՌՈւՍԱԼ-ն առաջին անգամ թատերական փառատոն է իրականացնում Երեւանում

17:05   4 հունիսի, 2019

ՌՈւՍԱԼ ընկերությունը, որն աշխարհում խոշորագույն ալյումին արտադրողներից մեկն է, Երեւանում առաջին անգամ իրականացնում է «ՌՈՒՍԱԼ ֆեստիվԱԼ Թատրոն» նախագիծը, որի շրջանակում Հայաստան է ժամանել ռուսական «Իյուլանսամբլ» ինքնուրույն թատերախումբը:

Այսօր՝ հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԱՐՄԵՆԱԼ արտադրամասի ղեկավար Սվետլանա Լեւենը եւ «Իյուլանսամբլ»-ի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովը խոսեցին Երեւանում սպասվող ներկայցումների մասին:

«ՌՈւՍԱԼ ընկերությունը, որի կազմի մեջ մտնում է նաեւ մեր՝ ԱՐՄԵՆԱԼ արտադրամասը, առաջին անգամ է կազմակերպում թատերական փառատոն Հայաստանում: Ռուսաստանի 11 երկրներում արդեն ներկայացումներ բեմադրվել են, եւ այսօր մենք «Իյուլանսամբլ» թատերախմբին հյուրընալել ենք Հայաստանում: Դերասանները կցուցադրեն երկու ներկայացում:

ՌՈւՍԱԼ-ի նպատակն է մշակութային կյանքի զարգացումը տարբեր շրջաններում եւ մարդկանց հետաքրքրության մեծացումը մշակութային միջոցառումների հանդեպ: Ներկայացումների տոմսերն անվճար են տրվում, դրանք բաժանվել են մշակութային եւ կրթական հաստատություններին:

Այս փառատոնը մի քանի ուղղություն ունի: Դրա շրջանակում եղել է նաեւ գիտական միջոցառում: Այս տարի նախատեսում ենք երկրորդ անգամ նման փառատոն կազմակերպել: Ինչ վերաբերում է թատերական փառատոնին՝ հույս ունենք, որ այսօրվա ներկայացումը ջերմորեն կընդունվի եւ կդառնա հաճելի ավանդույթ երեւանյան կյանքում»,-նշեց Սվետլանա Լեւենը:

«Իյուլանսամբլ»-ի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն իր ոգեւությունը հայտնեց Հայաստանում գտնվելու կապակցությամբ՝ գոհունակություն հայտնելով ՌՈւՍԱԼ-ին՝ նման հնարավորության համար: Ռիժակովը փաստեց՝ օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո թատերախմբի ամբողջ անձնակազմը հիացած էր Երեւանով: Դերասանները մինչեւ ուշ գիշեր զբոսնել են Երեւանում ու զարմանքով հետեւել, թե որքան խաղաղ են թե մեծերը, թե փոքրերը մինչեւ ուշ գիշեր քայլում քաղաքում:

«Նման բան ամեն տեղ չէ, որ կարող ենք տեսնել»,-հիացմունքով նշեց նա՝ հավելելով.

«Սա ինձ համար յուրահատուկ իրադարձություն է: Սիրում եմ այս երկիրը, որի հետ ինձ շատ բան է կապում; Լավ ծանոթ եմ այստեղի շատ թատերագետների հետ: Ուրախ եմ, որ ՌՈւՍԱԼ-ն ընդլայնել է իր շրջանակներն ու հասել Հայաստան: Թատրոնը 21-րդ դարի այս թվայնացված աշխարհում մի այնպիսի վայր է, որտեղ մարդիկ կարողանում են կենդանի հաղորդակցվել, ու ավելի հատկանշական է այն, երբ թատրոնը դուրս է գալիս մի երկրի սահմանից: Այս նախագծի նպատակն էլ հենց այն է, որ տարբեր երկրների թատերական գործիչների ծանոթությունն ընդլայնվի»:

«ՌՈւՍԱԼ ֆեստիվԱԼ Թատրոն»-ը երրորդ տարին է, ինչ իրականացվում է: Այս փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայի շրջանավարտների ստեղծագործական կոլեկտիվները ղեկավարող հայտնի ռեժիսորների ներկայացումները: Երեւանում հունիսի 4-ին եւ 5-ին կցուցադրվեն «Անարդիական համերգ» եւ «Արդիական համերգ» բեմադրությունները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE