Նիհարողի օրագիրը. մինուս 1 կգ

18:15   2 հուլիսի, 2013

Ողջո՛ւյն: Այս շաբաթվա ընթացքում կարողացա 1 կգ նիհարել: Իսկ գիտե՞ք ինչն է զարմանալին: Երբ դադարեցի օրգանիզմս չարչարել սարսափելի դիետաներով, ինձ սովահար անել եւ անընդհատ մտածել կիլոգրամներից ազատվելու մասին, սկսեցի նիհարել:

Ինձ հաճախ գրում են մարդիկ, ովքեր նախատում են այն բանի համար, որ փետրվարից մինչեւ օրս միայն 8 կգ եմ կորցրել: Եվ այսպես, պատասխանեմ: Հավատացեք, շատ դժվար է նիհարել, երբ հորմոնալ խախտումներ եւ գաստրիտ ունես: Կարծում եմ՝ հենց այդ է ինձ խանգարում, որ արագ նիհարեմ: Բացի այդ, մինուս 8 կգ այնքան էլ վատ ցուցանիշ չէ:

Պատմեմ, թե վերջին շաբաթն ինչպես են անցել իմ օրերը:

Առավոտյան սոված փորիս մեկ գդալ ձիթապտղի ձեթ եմ խմում: Հետո մինչեւ ժամը 12-ը ուտում եմ բացարձակապես ամեն ինչ, նույնիսկ մեկ կտոր տորթ: Մինչեւ երեկոյան 5-ը փորձում եմ խուսափել յուղոտ եւ խմորից պատրաստված ուտեստներից: Իսկ ժամը 6-ից հետո՝ ոչինչ: Ճիշտ է, երբեմն սովի պատճառով գաստրիտը հիշեցնում է իր գոյության մասին, բայց այդ դեպքում օգնում է Օմեպրազոլը:

Չնայած այս օրագիրը կարդացողներից ոմանք բավական թերահավատ են, նշեմ, որ ես աստիճանաբար հասնում եմ նպատակակետիս՝ փորձելով ուշադրություն չդարձնել ոչ այնքան կոմպետենտ մեկնաբանություններին: Բացի այդ, հենց նման մեկնաբանություններն են ինձ ուժ հաղորդում, որպեսզի առաջ շարժվեմ եւ բոլորին ապացուցեմ, որ ԿԱՐՈՂ ԵՄ:

Չէ՞ որ ես իրականում կարող եմ…

Անի



© NEWS.am STYLE