«Կարծրատիպ կա, թե լավ մոդել լինելու համար պետք է տիկնիկային գեղեցկություն, բայց ոչ. դա ինձ հետաքրքիր չէ». լուսանկարչուհի Սեդա Ստեփանյան

13:25   7 հունիսի, 2019

Լուսանկարչուհի Սեդա Ստեփանյանն արդեն 9 տարի է, ինչ բնակվում է Լոս Անջելեսում: Սեդան Instagram-ում հայտնի է մարդկանց պատկերող զգացմունքային լուսանկարներով, որոնցից յուրաքանչյուրն, ասես, առանձին էմոցիա եւ պատմություն լինի: Լուսանկարչուհին սիրում է պատկերել տարբեր հետաքրքիր մոդելների, նրա աշխատանքներում հաճախ կտեսնեք նաեւ հայկական շոու-բիզնեսի հայտնիներին, օրինակ՝ Արփի Գաբրիելյանին, Նարեկ Մակարյանին, Մարջան Ավետիսյանին, Անահիտ Սիմոնյանին, Ռոզի Ավետիսովային, Աննա Մանուչարյանին եւ շատ ուրիշների: «Նրանցից յուրաքանչյուրի հետ էլ հաճելի ու հեշտ է աշխատելը, քանի որ նրանք տեսախցիկի առջեւ աշխատելու մեծ փորձ ունեն»,-ասում է նա:

NEWS.am STYLE-ը արտերկրում բնակվող մեր հայրենակցուհու հետ զրուցել է ոչ միայն հայտնիների հետ համագործակցությունների, այլեւ մյուս աշխատանքների եւ դրանց ասելիքի մասին.

«Լուսանկարչությամբ զբաղվում եմ հենց այն ժամանակվանից, ինչ տեղափոխվեցի Լոս Անջելես: Միշտ մեծ սեր եմ ունեցել կինոյի ու ֆոտո արվեստի նկատմամբ, ու այնպես ստացվեց, որ հենց այստեղ անբացատրելի մոտիվացիա ստացա ու սկսեցի նոր կյանք դեպի արվեստը: Տեղի քոլեջներից մեկում երկուամսյա դասընթացներ անցա եւ հասկացա, որ պետք է ինքնուրույն շարունակեմ սովորել, ինքս ինձ բացահայտել, զգալ լույսն ու լուսանկարչության մյուս նրբությունները»,-ասում է Սեդան՝ մեկնաբանելով.

«Իմ աշխատանքներում միայն մարդիկ են, քանի որ ինձ միշտ հետաքրքիր է եղել բացահայտել, զգալ ու ներկայացնել մարդկանց էմոցիաները: Ինձ համար աշխարհի ամենահրաշալի վայրը ներկայացնող լուսանկարն անգամ անհետաքրքիր է դառնում առանց մարդկային ներկայության»:

Իր աշխատանքներից, սակայն, դժվարացավ մտաբերել լավագույնը.

«Փորձեցի մտածել՝ որն է իմ ամենասիրելի լուսանկարը, բայց չկարողացա առանձնացնել, քանի որ ամեն մեկի մեջ կյանք եմ դրել, պահն եմ ապրել եւ յուրաքանչյուր նկարին նայելիս հիշողություններ են արթնանում»:

Բացի լուսանկարելուց՝ Սեդան սիրում է նաեւ լինել տեսախցիկի առջեւում, սակայն իր եւ իր սիրելի «ընկերոջ» փոխհարաբերությունները, նույնիսկ, այդ դեպքում շատ հետաքրքիր են.

«Տեսախցիկի առաջ լինելիս ես ինձ զգում եմ ամենաերջանիկը, քանի որ այդ ժամանակ ես կարող եմ մտնել իմ ստեղծած աշխարհի մեջ, կերտել տարբեր դերեր եւ հոգեվիճակներ: Ամենից շատ սիրում եմ, երբ ես եւ տեսախցիկը երկուսով ենք, առանց որեւէ լուսանկարչի: Միայն այդ ժամանակ գիտեմ, թե ես ինչ եմ ուզում ստանալ լուսանկարվելիս»:

Հայտնիների հետ աշխատանքին վերադառնալով՝ նշում է.

«Ինչպես արդեն ասացի՝ աշխատել եմ որոշ հայ հայտնիների հետ ու բավականին հաճելի է եղել, քանի որ իրենք ունեն տեսախցիկի առաջ աշխատելու փորձ, բայց միեւնույն ժամանակ ունեցել են իրենց բարդույթները: Բայց ինձ հետ հեշտ է: Ես կարողանում եմ ստեղծել համապատասխան միջավայրը եւ ստանալ այն, ինչ անհրաժեշտ է իմ արվեստի համար»:

Սեդան ասում է՝ իր լուսանկարների հերոսուհին դառնալու համար մոդելը պարտադիր չէ, որ ունենա իդեալական արտաքին.

«Ինձ համար մոդել ընտրելիս առաջնայինն այն է, որ նա կարողանա ցուցադրել իր էմոցիաները եւ նկարին խորություն տա՝ թե աչքերով, թե ժեստերով: Իմ արած լուսանկարները պետք է շնչեն ու դրամատիկ լինեն: Կարծրատիպ կա, թե լավ մոդել լինելու համար պետք է ունենալ տիկնիկային գեղեցկություն, բայց ոչ, ոչ եւ էլի ոչ: Դա ինձ համար հետաքրքիր չէ: Իմ աշխատանքի միջոցով ուզում եմ մարդկանց կտրել ներկայից ու տանել իմ աշխարհ, իմ աչքերով: Կարեւոր չէ, թե որտեղ է արված աշխատանքս, ինչ հագուստով կամ ում հետ, կարեւորը լուսակարին նայելիս մարդիկ զգան դրաման ու ունենան խառը էմոցիաներ: Այ, հենց դա է իմ ասելիքը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սեդա Ստեփանյանը



© NEWS.am STYLE