Քիմ, Հայաստան, Կարապի լիճ ու հուշեր. այսօր Քանյե Ուեսթը նշում է 42-ամյակը

13:31   8 հունիսի, 2019

Ռեփեր, կոմպոզիտոր, պրոդյուսեր եւ դիզայներ՝ ուրիշ է՞լ ինչ պաշտոն կարելի է ավելացնել նրա անվան կողքին… ահ, այո՝ նաեւ՝ Քիմ Քարդաշյանի ամուսին: Հայաստանում շատերը հենց այդպիսին են ճանաչում Քանյե Ուեսթին: Աշխարհահռչակ ռեփերն այսօր՝ հունիսի 8-ին, նշում է ծննդյան 42-ամյակը:

Քանյեն երաժշտության հետ կապված է եղել դեռեւս մանկուց: Հայտնիություն ռեփերը ձեռք է բերել 1990-ականների վերջին՝ համագործակցելով այնպիսի անուների հետ, ինչպիսիք են՝ Jay-Z, Ludacris եւ Ալիշա Քիզ:

Սկսելով իր կարիերան՝ Ուեսթն արժանացել է քննադատների հավանությանը, եւ մեկ անգամ չէ, որ գլխավորել է 21-րդ դարի լավագույն երաժիշտների ցուցակը:

Քանյեն նաեւ այն հայտնիների ցանկում է, որոնք իրենց այցով պատվել են Հայաստանին: 2015 թ-ին էր, երբ նա, Քիմն ու Քլոեն եկան Քարդաշյանների պատմական հայրենիք: Ուեսթը դստեր ու կնոջ հետ շրջեց քաղաքով, համերգով հանդես եկավ երեւանցիների համար ու ցատկեց Կարապի լիճը: Պահ, որը հավերժ դաջվեց խենթացած հայության հիշողության մեջ: Մինչ Քանյեն նոր անակնկալներով կգա մեզ հյուր, առաջարկում ենք ընթերցել նրա հայտնի մտքերից մի քանիսը:

«Քիթդ բարձր պահիր դեպի երկինքը, սիրտդ՝ Աստծուն մոտ, իսկ դեմքդ՝ դեպի ծագող արեւը»:

«Փողն ինձ համար հաջողության գրավական չէ: Մարդկանց ոգեշնչելն է իսկական հաջողությունը»:

«Մարդիկ միշտ խորհուրդ են տալիս լինել համեստ: Հիշո՞ւմ եք մի այնպիսի դեպք, երբ ձեզ խորհուրդ տան լինել հրաշալի ու ապշեցնող»:

«Մենք եկել ենք այս քանդված աշխարհ, որպեսզի նորոգենք այն»:

«Ես սովորական մարդ եմ, ունեմ իմ սեփական կարծիքը, ես ոչ միշտ եմ ճիշտ, ոչ միշտ եմ պունկտուալ, ոչ միշտ եմ ճիշտ խոսում, բայց մի բան հստակ է՝ իմ մտադրությունները միշտ պարզ են»:

«Ես միանգամից հասկանում եմ մարդկաց մտադրությունները: Սա ընդունեք որպես նախազգուշացում»:

«Կարծում եմ՝ մարդիկ ապագայում ոչ թե լեզվի օգնությամբ են շփվելու, այլ աչքերի եւ մարմնի հաղորդակցության»:

«Պետք է ասել ոչ թե «կարող եմ», այլ «կանեմ», որպեսզի գործողությունները քո ուզած ձեւով դասավորվեն»:

«Կյանքում ոչ մի բան խոստացված չէ, բացի մահից»:

«Ես լուրջ մտքերն արտահայտում եմ կատակի ձեւով, որպեսզի մարդկանց դա հաճույք պատճառի: Մենք ծիծաղում ենք, որպեսզի հեռու մնանք լացից»:



© NEWS.am STYLE