«Տարիների փորձն ինձ ուժեղ դարձրեց». «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի խոստովանությունն ու խորհուրդը՝ Հայկուհի Մաթեւոսյանին

13:25   10 հունիսի, 2019

2 տարի առաջ նա ապրում էր սովորական աջկա կյանքով, սակայն նրա կյանքը կտրուկ փոխեց 2017 թ-ին «Միսս Արմենիա» մրցույթում նվաճած տիտղոսը: 17-ամյա աղջիկը դարձավ Հայաստանի առաջին գեղեցկուհի, սակայն տիտղոսի հետ մեկտեղ իր հասցեին լսեց այնպիսի քննադատություններ, որոնք մինչ այդ իրեն խորթ էին: Խոսակցությունների այդ փուլում նա դարձավ մի փոքր ամաչկոտ, մի փոքր վախվորած, բայց ժամանակն օգնեց հաղթահարել դժվարություններն ու գնահատել ձեռքբերումները:

NEWS.am STYLE-ի զրուցակիցը նա է՝ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը, որն այսօր արդեն այն փոքրիկ աղջնակը չէ, որին կարող են կոտրել քննադատությամբ կամ վատ խոսքով: Լիլին արդեն հասցրել է նաեւ իր փորձով կիսվել «Հայաստանի գեղեցկուհի» ճանաչված Հայկուհի Մաթեւոսյանի հետ, իսկ առաջիկա գեղեցկության մրցույթներին մասնակեռլ ցանկացող  աղջիկներին իր խորհուրդը հղեց՝ պատասխանելով մեր մի քանի հարցերին:

Լիլի, երբ երկու տարի առաջ ճանաչվեցիր «Միսս Արմենիա», բավականին ամաչկոտ էիր, ավելի վախվորած էիր հարցազրույցներում եւ էկրանին. այսօր քո հրապարակումներում ես ավելի համարձակ Լիլիի եմ տեսնում... Ինչո՞վ է սա պայմանավորված` տարիքի հետ դասե՞ր ես քաղել, թե՞ պարզապես քննադատություններն են պակասել կյանքումդ:

Քննադատությունը միշտ էլ կա ու կլինի. բոլորի համար չեմ կարող լինել հաճելի: Ինչպես ասում են՝ «բոլորի համար միայն գումարն է, որ կարող է լինել հաճելի»: Տարիների փորձն ինձ ուժեղ դարձրեց, իսկ տիտղոսի շնորհիվ մեծ փորձ ձեռք բերեցի:

Այսօր ո՞րն է հիմնական զբաղմունքդ` մոդելի՞նգը, թե՞ ուսումը:

Աշխատանքը… Սիրում եմ ամեն ոլորտում ինձ տեսնել: Փակագծերն առայժմ չեմ ուզում բացել, բայց հիմա փորձում եմ նոր՝ էլ ավելի հետաքրքիր ոլորտում նաեւ լինել:

Հիշում եմ` մեր նախորդ զրույցի ընթացքում նշել էիր, որ ցանկութույններիդ մեջ մտնում է միջազգային մրցույթների մասնակցելը, այսօր այդ ցանկությունը դեռ արդի՞ է: Քայլեր անո՞ւմ ես այդ ուղղությամբ:

Իհարկե, ցանկությունը կա ու կմնա: Բայց վաղ է խոսել այդ մասին: Դեռ քիչ-քիչ քայլերս եմ կատարում դեպի իմ երազանքը:

Վերջերս Հայաստանում կազմակերպվեց եւս մեկ գեղեցկության մրցույթ` «Հայաստանի գեղեցկուհի», որի հաղթող դարձավ Հայկուհի Մաթեւոսյանը: Նրան էլ բավականին շատ քննադատեցին... Առիթ եղե՞լ է, որ շփվեք ու խորհուրդ տաս իրեն, թե ինչպես հաղթահարի այդ ամենը:

Հայկուհին մասնակցում էր նաեւ 2017 թ-ի մրցույթին, այդտեղից էլ ճանաչում եմ իրեն: Այո, մրցույթից հետո զրուցել ենք: Ընդամենը պետք է կարդալ, փակել դա ու անցնել առաջ: Ինչպե՞ս կարելի է հաշվի առնել այն մարդկանց քննադատությունները, որոնք այդքան ժամանակ ունեն, որպեսզի քիթը մտցնեն ուրիշի կյանք, վարկաբեկեն դիմացինին՝ առանց մտածելու, որ կյանքը նույն կերպ պատասխանում է յուրաքանչյուրին: Նրանք, ուղղակի, պարապ մարդիկ են ու վերջ:

Իսկ երբ քեզ էին նույն կերպ քննադատում, ո՞ւմ խորհուրդներն էիր լսում այդ ընթացքում:

Միայն ու միայն Գոհար Հարությունյանի: Մինչ օրս էլ նա իր խորհուրդներով աջակցում է ինձ:

Շատ աղջիկներ կան, որոնք գեղեցիկ են, բայց քննադատություններից վախենալով` չեն մասնակցում նման մրցույթների. ի՞նչ խորհուրդ կտաս նրանց:

Ապրեք թեթեւ, դա ձեր կյանքն է: Մեկ կյանք ենք ապրում, ապրեք այնպես, որ հետո չզղջաք:

Ինքդ երբեւէ փոշմանե՞լ ես, որ մասնակցել ես մրցույթին:

Իսկ ինչո՞ւ փոշմանեմ: Ասեմ ավելին՝ շնորհակալ եմ Աստծուն, որ այդ հնարավորությունն ընձեռել է ինձ:

Դե, անցնենք մեր շոգին: Ամառ է. դիմադրո՞ւմ ես տապին:

Ահ, սիրում եմ ամառը շատ, բայց կիզիչ արեւին դիմանալը դժվար է…

Իսկ հանգիստդ արդեն պլանավորե՞լ ես:

Ճիշտն ասած՝ դեռ ոչ: Ինձ մոտ ամենահետաքրքիր հանգիստը միշտ հանկարծակի է ծրագրվում: Բայց արդեն հասցրել եմ լինել քաղաքից դուրս մի քանի վայրերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարնորը՝ Լիլի Սարգսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE