Պիցցա պատվիրե՞լ եք. հայտնի ֆասթֆուդը ճաշ է հասցրել... Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն

16:46   10 հունիսի, 2019

Մեծ Բրիտանիայում հետաքրքրաշարժ դեպք է գրանցվել. Domino’s Pizza ֆասթֆուդի միջազգային ցանցի լոնդոնյան գրասենյակ «պատվեր է գրանցվել Բուքիգհեմյան պալատից»՝ Եղիսաբեթի համար ճաշ հասցնելու խնդրանքով։

Կինը տարբեր խճողակներով չորս պիցցա է պատվիրել։ Հաճախորդը խոստացել է վճարել կանխիկ ապրանքը ստանալուց հետո։ Աշխատակիցը զարմացել է, բայց ընդունել է պատվերը։ Շուտով մոտակա ռեստորանից նստավայր է ուղեւորվել աշխատակիցը։

Մոտոցիկլետ վարող տղային մուտքի մոտ կանգնեցրել է անվտանգությունը։ Վարորդը պարզաբանել է, որ պատվեր ունի Եղիսաբեթի անունով՝ խնդրելով շտապել, քանի որ պիցցան սառչում է։ Թագավորական գվարդիայի աշխատակիցները չեն հավատացել, որ 93-ամյա Եղիսաբեթ Երկրորդը մոտ 50 ֆունտ ստերլինգով պիցցա է պատվիրել։

«Ներեցեք, սեր, Եղիսաբեթը թագուհու անունն է, եւ նա ապրում է Բուքինգհեմյան պալատում։ Ես կարծում եմ՝ ինչ-որ մեկը ձեր գլխին խաղ է խաղացել»,- ասել է աշխատակիցը։ «Խեղճը շատ շփոթված տեսք ուներ ու պարզապես հեռացավ»,- անվտանգության աշխատակցի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Domino’s-ի ներկայացուցիչ Ժուժանա Կայզերը տեղի ունեցածին իսկապես հեգնանքով է վերաբերվել։ «Մենք միշտ կասկածել ենք, որ թագուհին մեր գաղտնի երկրպագուն է։ Բուքինգհեմյան պալատից ստացված պատվերը հաստատել է մեր կասկածները»,- կատակել է նա։

Domino’s-ը խոշոր ցանց է, որի կազմում մտնում է 12 հազար մասնաճյուղ 75 երկրներում։ Օրական նրանք միջինում 1,5 մլն պիցցա են վաճառում։

Լուսանկարները՝ Instagram, Legion-media



© NEWS.am STYLE