«Լավագույն տոլման հայկականն է». Ելենա Մալիշեւան լավագույնն է ճանաչել հայտնի ճաշատեսակի հայկական բաղադրատոմսը

15:26   11 հունիսի, 2019

Ռուս հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշեւան «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող «Жить Здорово» հեռուստանախագծի նոր թողարկման ընթացքում պատմել է, որ տոլմա պատրաստող ազգերի շրջանում անցկացված հետազոտության ընթացքում հաղթել է հենց հայկական բաղադրատոմսը։

«Բոլոր ժամանակների վաստակավոր հայ», դաշնակահար Լեւոն Օգանեզովի հետ հեռուստահաղորդավարուհին պատմել է հայտնի ճաշատեսակի պատրաստման գաղտնիքների մասին։ Օգանեզովի խոսքով՝ տոլմա, ի տարբերություն մսային մյուս ճաշատեսակների, պետք է պատրաստեն կանայք, քանի որ դրա գլխավոր գաղտնիքը «խաղողի՝ ոսկերչական վարպետությամբ փաթաթված թփերն են»։

«Նախ՝ տոլման կարող ե՛ւ սառը ուտեստ լինել, ե՛ւ տաք։ Ամենահամեղ տոլման պատրաստում է ավագ դուստրս»,- ասել է Ռուսաստանի ժողովրդական արտիստը։ Լեւոն Օգանեզոնը նաեւ նշել է, որ հայկական տոլմայի հետ հարկավոր է հոնի կամ թթի օղի խմել Արցախից։

Հաղորդավարներից մեկը՝ բժիշկ-սրտաբան Գերման Գանդելմանը, պատմել է տոլմայի օգտակար հատկությունների մասին, ինչպես նաեւ «խաղողի թփերի հրաշալի հատկությունների մասին»։

 



© NEWS.am STYLE