Իտալական Marie Claire ամսագրի խմբագիրն ու այլ հայտնիներ կժամանեն Հայաստան՝ Fasհion Forum Yerevan 2019-ին մասնակցելու նպատակով

15:11   11 հունիսի, 2019

Արդեն երկրորդ տարին Հայաստանում կանցկացվի Fashion Forum Yerevan 2019-ը, որն այս տարի տեղի կունենա հունիսի 25-29-ը։ Միջոցառումն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար», «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։

Ֆորումի առաջնային նպատակն է խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումը.

«Ֆորումն ունի նպատակ՝ ինչպես արդեն գործող, այնպես էլ նորաձեւությամբ հետաքրքրվող մարդկանց, ուսանողների որակավորման բարձրացումն ու փորձի փոխանակումը: Բացմանը զուգահեռ՝ հունիսի 25-ին կլինի նաեւ ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն հայ դիզայներների հավաքածուներ՝ հագուստ, աքսեսուարներ, տարազի նմուշներ: Մինչեւ ամսի 29-ը ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար»,-այսօր՝ հունիսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ԿՀ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ միջոցառման երկրորդ եւ երրորդ օրերի ընթացքում արտերկրից ժամանած  12 մասնագետներ վարպետության երկուական դասընթացներ կանցկացնեն ոլորտով հետաքրքրվածների համար:

Ծրագրի մանրամասները ներկայացրեց ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը.

«Շեշտադրումը դրել ենք միջազգային փորձի վրա եւ տարբեր երկրներից հրավիրել փորձագետների: Այստեղ ի տարբերություն դրսի՝ մենք շատ փակված ենք մեր միջավայրում եւ միջազգային փորձը շատ կարեւոր է այս ոլորտի զարգացման համար: Փորձագետներն Անգլիայից, Իտալիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից են: Նրանց մեջ կան դասախոսներ, լրագրողներ, որոնք նաեւ նորաձեւության ոլորտի փորձագետներ են: Marie Claire Italy ամսագրի գլխավոր խմբագիրը եւս կժամանաի Հայաստան, հայտնի լուսանկարիչներ կգան, կլինի փորձի փոխանակում այստեղի լուսանկարիչների հետ: Այս տարվա գաղափարախոսությունն է՝ ներկայացնել հայկական մշակույթը եւ աշխատանքների հիման վրա ցույց տալ մեր ժառանգությունը: Ունենք շատ հետաքրքիր թեմաներ՝ մշակութային ժառանգության պահպանումը, տարազի ներկայացումը, ձեռագործ աշխատանքի եւ նորաձեւության համադրությունը, քաղաքականությունն ու նորաձեւությունը»:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը կարեւորում է նորաձեւության ֆորումի դերը Հայաստանում զբոսաշրության զարգացնման հարցում.

«Նմանատիպ միջոցառումներն անուղղակի կերպով նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, երկրի ճանաչելիության բարձրացմանը: Շատ ողջունում եմ զբոսաշրջության հետ ֆորմումը կապելու նախաձեռնությունը: Ցանկանում եմ հաջողություն մաղթել նախագծի իրականացմանը, հուսով եմ՝ այն շարունակական կլինի, ինչը մեր նպատակն է»,-իր խոսքում նշեց նա:

Ֆորումի կարեւորության մասին խոսեց  նաեւ ԵՄ «Աջակցության ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը.

«Մեզ համար սա շատ հետաքրքիր նախագիծ է, որովհետեւ այն ստեղծում է նոր ու թարմ մոտեցում: Դիտարկելով Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումները՝ մենք մեծ պոտենցիալ ենք տեսնում հատկապես ստեղծագործական ոլորտում, եւ նորաձեւության արդյունաբերությունը ստեղծագործական ոլորտի ամենատարածված ենթաճյուղն է, որը չափազանց մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ինչպես արդեն նշվեց՝ Հայաստանի ճանաչելիության տարածման համար նպաստավոր ֆորում է, եւ սա հնարավորություն է տալիս փորձի եւ գիտելիքների փոխանակման: Այն, որ նորաձեւության ոլորտը մեծ պոտենցիալ ունի, վկայում են դրանում 50 հայտնի մասնագետների ներգրավված լինելը: Մասնակիցներին բավականին հարուստ ծրագիր է սպասվում»,-շեշտեց նա:

Դիզայներ Վահան Խաչատրյանի գնահատմամբ՝  ֆորումը, նախ եւ առաջ, հայ դիզայներներին կտա փորձի փոխանակում, մասնագիտական որակի բարձրացում, լուսաբանում, ոչ միայն նորաձեւության, այլեւ Հայաստանի մասին.

«Հայաստանի անուննն արտերկրում հնչեցնելու ցանկացած փորձ շատ դրական ու կարեւոր քայլ է մեր երկրի համար»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE