«Ես նույն Մերին եմ». Մերի Քոչարյանի 16-ամյակի լուսանկարները, I like It-ում ժյուրի լինելու բարդ կողմերն ու երազանքները

16:04   11 հունիսի, 2019

Երգչուհի Մերի Քոչարյանը երեկ՝ հունիսի 10-ին, նշում էր ծննդյան 16-ամյակը: Չնայած երիտասարդ տարիքին՝ Մերին արդեն ունի ճանաչում, երկրպագուներ եւ, նույնիսկ, ժյուրիի անդամ լինելու փորձ: Շատերի համար պատանի երգչուհին, իսկական, բացահայտում դարձավ I Like It նախագծի շնորհիվ, որի ընթացքում Մերին փոքրիկ երգիչների հետ կիսվում էր երաժշտական խորհուրդներով եւ օգնում հարթել իրենց ուղին:

NEWS. am STYLE-ը Մերիի հետ զրուցել է երեկվա տոնական խնջույքի, անակնկալների, որպես ժյուրի ներկայանալու եւ երազանքների մասին: Երգչուհին նաեւ մեզ է տրամադրել ծննդյան օրվա ֆոտոշարքը:

«16 տարեկանն, իհարկե, կյանքի նոր փուլ է, կարելի է ասել՝ պատանեկության ավարտը: Բայց դեռ մեծ տարբերություն չեմ զգում: Ինձ համար կյանքի նոր փուլ կլինի 18-ը, երբ արդեն կլինեմ չափահաս: Իսկ առայժմ ես նույն Մերին եմ, նույն կյանքով եմ ապրում, ու ինձ շատ հաճելի է լինել փոքր: Անկեղծ ասած՝ չեմ ուզում մեծանալ (ժպտում է)»:

Խոստովանեք՝ ոչ բոլոր պատանիներն են 16 տարեկանում հասնում այնպիսի հաջողությունների, ինչպիսիք Մերին է հասցրել գրանցել այս ընթացքում: Երգչուհին նշում է՝ իր ձեռքբերումների համար շնորհակալ է ծնողներին եւ ինքն իր աշխատասիրությանը: Ասում է՝ ուրախ է, որ կարողացել է հասնել այդ ամենին, սակայն հավելում.

«Ինձ համար ամենից կարեւորը սիրված լինելն է, ինչը ես ամեն օր զգում եմ իմ երկրպագուներից եւ հարազատներից»:

Այս տարվա ծննդյան տարեդարձը Մերին սկսել է դպրոցում՝ նոր դասընկերների հետ.

«Ծննդյանս օրն, իսկապես, շատ անսպասելի, հետաքրքիր ու անակնկալներով լի է սկսվել:  Նոր դպրոցիս ընկերների հետ առաջին տարին էի անցկացնում ծննդյանս օրը: Նրանք այնպիսի անակնկալներ են արել, որ ես երբեւէ չեմ կարծել, որ այդքան անկեղծ ընկերներ կունենամ եւ այդքան անակնկալներով լի կսկսվի օրս: Շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին»:

Այս տարիքում Մերին կանգնելու է նաեւ մասնագիտության ընտրության հարցի առջեւ. հետաքրքրվեցինք, թե այս առումով ինչ նախասիրություններ ունի.

«Իսկապես, շատ բարդ փուլում եմ, որովհետեւ պետք է մասնագիտական ընտրության որոշումը կայացնեմ: Շատ վաղ տարիքից եմ ընտրել արվեստի ոլորտը, չեմ կարծում՝ երբեւէ կհրաժարվեմ դրանից, իսկ երկրորդ կամ երրորդ մասնագիտություն կունենամ, թե ոչ, ժամանակը ցույց կտա»:

Ինչ վերաբերում է I Like It-ում ժյուրի լինելուն (Մերիի հետ ժյուրիի աթոռին նստած էին նաեւ Միշան, Յանա Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Նիկ Էգիբյանն ու Սոնա Ռուբենյանը)՝ երգչուհին ասում է՝ դա որքան հաճելի, այնքան էլ բարդ պատասխանատվություն էր.

«Շատ հաճելի էր լինել I Like It-ում՝ որպես ժյուրիի անդամ: Մեծ պատասխանատվություն ու լարվածություն էր, եւ ես  շատ ուրախ եմ, որ կարողացել եմ, այսպես ասած, այդ ամենի տակից «դուրս գալ»: Շնորհակալ եմ մյուս ժյուրիի անդամներին եւ ամբողջ անձնակազմին, որովհետեւ, իսկապես, հրաշալի ժամանակ եմ անցկացրել: Ինձ կարողացա փորձել նաեւ խորհրդատուի տեսանկունից, երբ ոչ, թե ինձ են խորհուրդ տալիս, այլ ես եմ դա անում, իսկ ինքս շատ խորհուրդներ էի ստանում ժյուրիի մեծահասակ անդամների՝ Սոնայի, Նիկի եւ Միհրանի կողմից»:

Լինե՞լ ժյուրի, թե՞ մասնակից՝ ո՞րն է ավելի նախընտրելի՝ հետաքրքրվեցինք մենք.

«Անհամեմատելի բարդ ընտրություն է: Ես այնքան եմ լարվել իմ թիմակից երեխաների մասնակցության ժամանակ, որ թերեւս ընտրության դեպքում կընտրեի ժյուրիի առջեւ ներկայանալը, քան լինել ժյուրի: Գուցե տարիքիցս է, բայց ես ապրում էի այդ երեխաներով, նրանց ելույթներով, ու ամեն անգամ, երբ մեկը դուրս էր գալիս նախագծից, նրանց հետ հավասար հուզվում էի: Երեւի՝ հեռուստադիտողը նկատած կլինի»:

Այնուամենայնիվ, Մերին խոստովանում է. «Եթե լինեն հետաքրքիր ու լավ առաջարկներ, կրկին պատրաստ կլինեմ լինել ժյուրիի դերում, որովհետեւ ինձ համար հաճելի է աշխատել, խորհուրդներ տալ ու խորհուրդներ վերցնել»:

Ինչ վերաբերում է ծննդյան օրվա երազանքներին՝ երգչուհին դրանցից անմասն չի մնացել, սակայն նշում է.

«Միշտ եմ երազանքներ պահում՝ թե իմ, թե ուրիշների ծննդյան օրերին (ծիծաղում է): Սիրում եմ ունենալ երազանքներ, դրանք դարձնել նպատակներ ու իրագործել: Չեմ սիրում բարձրաձաւյնել երազանքներս: Նախընտրում եմ իմ մեջ պահել ու հասնել դրանց»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արուսիկ Մարկոսյանի



© NEWS.am STYLE