«Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն». «Ոսկե ծիրան»-ի կազմը ներկայացրեց կինոփառատոնի նոր պաստառներն ու բացահայտեց հատուկ հյուրի անունը

14:29   12 հունիսի, 2019

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կներկայանա ոչ միայն նոր լոգոյով, այլեւ նոր պաստառներով: Այսօր՝ հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակում փառատոնի կազմը ներկայացրեց դիզայներ Վիլյամ Կարապետյանի հեղինակած պաստառները, ինչպես նաեւ բացահայտեց կինոփատատոնի այս տարվա հատուկ հյուրին, որի դերում կլինի մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասը:

Պաստառներում հիմնական շեշտը դրված էր տառերի եւ համացանցում մեծ տարածում գտած արտահայտությունների վրա: «Փախած կինո գալի՞ս ես», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞»՝ ահա այսպիսի գրառումներ շուտով կտեսնեք քաղաքի մի շարք անկյուններում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ պաստառներում տեղ գտած ծանոթ արտահայտությունները կհիշեցնեն բոլորին, որ մեզանից յուրաքանչյուրն էլ որոշակի ժանրի ֆիլմերի սիրահար է:

Ասուլիսին ներկա էր նաեւ փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, որը ոչ միայն խոսեց կինոփառատոնի կրած փոփոխություններից, այլեւ նոր եւ երիտասարդ կազմից.

«Այս երիտասարդները նոր մարդիկ չեն կինոփառատոնի համար: Նրանք ծնվել ու մեծացել են «Ոսկե ծիրան»-ում եւ այսօր զբաղեցնում են իրենց պաշտոնները: Փառատոնի կազմը համալրել են երիտաարդներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրան»-ին եւ անում ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաեւ գերատեսչությունների համատեքստում. Տեղի է ունեցել նախարարությունների վերամիավորում, եւ այսուհետ մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը»,-իր խոսքում նշեց նա:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարեւորեց «Ոսկե ծիրանի» հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն ավելի սերտ կդառնա.

«Ես  կարծում եմ՝ «Ոսկե ծիրան»-ի հետ մեր համագործակցությունը պետք է լինի ավելի սերտ, ավելի շատ ներառված լինենք կազմակերպչական հարցերում, դա չլինի միայն ֆինանսական աջակցություն: Եթե ես հիմա սկսեմ խոսել «Ոսկե ծիրան»-ի կարեւորության մասին, արհեստական բան կստացվի, որովհետեւ  այն նոր չէ, որ հաստատել է իր տեղը մեր մշակութային կյանքում, նոր չէ, որ հաստատել է իր միջազգային նշանակությունը. եւ կարծում եմ, որ մշակույթի պետական քաղաքականության առանցքային կետերից մեկը երկրի միջազգային դիրքավորումն է, վարկանիշի բարձրացումը: Վստահաբար կարող եմ ասել, որ «Ոսկե ծիրանը» հենց այդպիսի նախագծերից մեկն է: Մեզ համար կինոփառատոնն ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ այս ձեւաչափի փառատոնները չեն լուծում մասնագիտական խնդիրներ, սրանք լավ օղակներ են երկիրն աշխարհին ներկայացնելու համար»,-նշեց նա:

«Ոսկե ծիրան» ամենամյա 16-րդ կիոփառատոնը կմեկնարկի հուլիսի 7-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 14-ը: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE