«Հասկացա, որ կյանքումս մի բան պակաս էր, եւ դա երկրորդ կյանք ունենալն էր». Սեդա Շահնազարյան (ֆոտո)

15:05   13 հունիսի, 2019

Եթերային տեւական դադարից հետո երիտասարդ դերասանուհի Սեդա Շահնազարյանը վերադարձել է նոր կերպարով: Այս շրջանում Սեդան նկարահանվում է Առաջին ալիքով հեռարձակվող «Ժիրայր Գլենց» 32 մասից բաղկացած հեռուստասերիալում: Ինչպես ինքն է նշում՝ կրկին տեսախցիկի առաջ լինելն իր համար երկրորդ կյանք է: Իր նոր կերպարի, խաղընկերների հետ աշխատանքի, հերոսուհու հետ ընդհանրությունների եւ զինվորական համազգեստ կրելու երազանքի մասին Սեդան պատմել է NEWS.am STYLE-ին:

«Իրոք երկար էր դադարս. հեռուստադիտողը, կարծում եմ, հասցրեց թե հանգստանալ ինձանից, թե կարոտել: Սերիալը Ժիրայր Գլենցի մասին է: Չեմ ցանկանում փակագծերը բացել, որպեսզի չփչացնեմ հեռուստադիտողի հետաքրքրությունը: Ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է, որի հետ աշխատելը գերագույն հաճույք է: Նկարահանվելու առաջարկը ստացել եմ Տաթեւ Կետիկյանից, որպեսզի մարմնավորեմ գլխավոր հերոսուհուն՝ Ռիտային, սակայն ցավոք՝ այդ կերպարին չէի համապատասանում, եւ այդպես սերիալի եւ ինձ համար գրվեց նոր կերպար, որը Մանեն է (ժպտում է)»:

Դերասանուհին նշում է՝ անչափ երջանիկ է սիրելի աշխատանքին անցնելու կապակցությամբ.

«Իսկապես, շատ էի կարոտել նկարահանումները: Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից: Հասկացա, որ կյանքումս մի բան պակաս էր, եւ դա երկրորդ կյանք ունենալն էր: Միշտ ասել եմ՝ սերիալում նկարահանվելիս, ասես, երկրորդ կյանք ունենամ: Իմ ցանկացած կերպարը կարողանում եմ կերտել եւ ապրել դրանով: Անձնականում, եթե խնդիրներ եմ ունենում, լիցքաթափվում եմ հենց տվյալ կերպարը կերտելիս»,-խոստովանում է նա:

«Մանեն գլխավոր հերոսի՝ Հովիկի (Նորայր Եղյան) սիրելին է: Աղջիկը բարի սիրտ ունի, բայց իր զինվորական կյանքի պատճառով՝ շատ հասուն եւ ուժեղ բնավորություն: Ի տարբերություն իմ մարմնավորած մյուս հերոսուհիների՝ կարծում եմ՝ Մանեն ինձ այնքան էլ նման չէ: Առաջին սիրային դերս է, լուրջ զուգընկեր չեմ ունենեցել մնացած սերիալներում: Դժվարություններ, իհարկե, լինում են, բայց աշխատում եմ դրանք ցույց չտալ եւ հաղթահարել: Կարծում եմ՝ լավ կստացվի: Այս դերն ինձ գրավեց լրջությամբ, համեստությամբ, հասկացող ու ներողամիտ լինելով, միեւնույն ժամանակ՝ ռոմանտիկ գծերով»:

Պարզվում է՝ Սեդան միշտ ցանկացել է կրել զինվորական համազգեստ, ինչի հնարավորությունն ունեցավ Մանեին մարմնավորելիս.

«Համազգեստը շատ է դուրս գալիս: Ավելի վաղ տարիքում երազում էի լինել զինվորական, իսկ կյանքում չէի մտածում, որ թեկուզ հեռուստասերիալում կկրեմ այն: Մեծ բավականություն եմ ստանում ինձ համազգեստով տեսնելիս: Կարծում եմ՝ շատ է սազում»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ստացվում աշխատանքը խաղընկերների հետ.

«Հիմնական խաղընկերներս Նորայր Եղյանն ու Ռոման Սարգսյանն են: Երկուսի հետ էլ շատ հեշտ եմ աշխատում: Կարծում եմ՝ իրենց համար է մի քիչ դժվար ինձ հետ, բայց կատակների ու լավ մթնոլորտի շնորհիվ չենք նկատում դա»,-անկեղծանում է դերասանուհին՝ հավելելով, որ արդեն մի քանի սերիա եթերում է, իսկ բացասական կարծիքներն չկան, ինչն, իհարկե, ավելի է ոգեւորում նրան:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սեդա Շահնազարյանը



© NEWS.am STYLE