Նորաձեւության փորձագետ. ապարանջան ոտքին

19:19   3 հուլիսի, 2013

Ոտքին ապարանջանը տեղին է երիտասարդ աղջկա պարագայում: Բայց նման զարդը բազմաթիվ մտքեր է ծնում: Այն գեղեցկություն է, թե՞ վատ ճաշակի նշան: Արդյո՞ք նշանակում է, որ ոտքին ապարանջան կրող աղջիկը թեթեւ վարքի տեր է: Հայաստանում նման մտքերը հատուկ երանգավորում են ստանում. գռեհկություն, քանի որ աղջիկներից քչերը գիտեն, որ նման աքսեսուարն ավելի շատ լողափի համար է, այլ ոչ թե քաղաքային գործնական միջավայրի: Նման զարդը հարմար է նաեւ ոչ պաշտոնական միջոցառումների համար. բաց երկնքի տակ կազմակերպված երեկույթի, վոլեյբոլի հրապարակի եւ զբոսանքի դեպքում:

Ոտքի համար ապարանջաններն ամենից հաճախ պատրաստվում են ոսկե, արծաթե շղթայիկի տեսքով կամ ամբողջական մետաղական օղակի, որոնք կարող են զարդարված լինել կիսաթանկարժեք քարերով կամ ապակե ուլունքներով: Երբեմն մեկ ոտքի վրա մի քանի ապարանջան են կրում:

Շղթայի տեսքով ապարանջանը երբեմն հավելում են դեկորատիվ տարրերով՝ կախովի ֆիգուրներով: Գեղեցիկ են դիտվում հատկապես սրտի տեսք ունեցողները: Երիտասարդ աղջիկներին սազում են ծաղիկների, հատապտուղների, կենդանիների, թիթեռների տեսքով կախազարդերը: Իսկ զանգերի տեսքով զարդերը հարմար են պարային երեկույթների համար:

Ոտքերի համար ոսկերչական զարդերը ոչ բոլորին են սազում: Հարկավոր է պեդիկյուր անել եւ գեղեցիկ կոճեր ունենալ, որպեսզի ապարանջաններն ու ոտքերի մատներին մատանիները գեղեցիկ դիտվեն: Այդ դեպքում նման զարդերը նույնիսկ կընդգծեն ձեր ոտքերի բարեմասնությունները:

Մի վախեցեք փորձարկումներից, բայց աշխատեք չափը չանցնել:

Անժելիկա Մանուկյան



© NEWS.am STYLE