Handmade անկյուն Մարիամ Կարագոզյանից. հարսանեկան զարդ

16:28   3 հուլիսի, 2013

Յուրաքանչյուր հարսնացու հանդիսավոր այդ օրը յուրահատուկ եւ հետաքրքիր մտքեր է փնտրում: Գլուխկոտրուկներից մեկն էլ հարսանեկան զարդի ընտրությունն է: Այն, ինչ կարելի է գտնել խանութներում, կա՛մ շատ էժան է՝ համապատասխան տեսքով, կա՛մ շատ թանկ: Այդ թեմայի շուրջ NEWS.am STYLE-ին մտքերն է ներկայացրել երիտասարդ դիզայներ Մարիամ Կարագյոզյանը:

«Բացառիկ հարսանեկան զարդեր կարելի է պատրաստել սեփական ձեռքերով: Այդ դեպքում դուք անկրկնելի եւ վառ տեսք կունենաք:

Եվ այսպես, զարդ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են տարբեր չափի մարգարտե ուլունքներ, կարելի է օգտագործել նաեւ արհեստական մարգարիտ: Դեռ վաղ ժամանակներից այն խորհրդանշում է անմեղություն, համեստություն, անկեղծություն, այդ պատճառով հենց մարգարիտն է հարսանեկան զարդի համար ամենից նախընտրելին:

Մարգարիտն անցկացրեք թելի վրա: Կարելի է հերթագայել վարդագույն եւ ճերմակ մարգարիտները: Դրանից հետո անցեք կախազարդ պատրաստելուն:

Խորհուրդ. զարդ պատրաստելուց առաջ հարկավոր է ուլունքներին բուսական յուղ քսել, իսկ 20 րոպե անց անձեռոցիկով լավ մաքրել: Այդ դեպքում դրանք վառ փայլ կունենան:

Կախազարդը կարելի է պատրաստել սրտի տեսքով, ինչպես նաեւ ուլունքներից ծաղիկ, տերեւ կամ ցանկացած այլ բան ստեղծել: Եթե ուլունքներով գործելու տեխնիկային ծանոթ եք, խնդիրն ավելի դյուրին կդառնա: Նման զարդեր պատրաստելիս կարեւոր են երեւակայությունը, նստելու համբերությունը եւ աշխատանքի հանդեպ ուշադրությունը: Կարելի է կիրառել մակրամեի տեխնիկան եւ հաստ արծաթե թելերից արտասովոր զարդ հյուսել: Այն կարող է զարդարել սանրվածքը կամ կախազարդի համար հիմք ծառայել:

Իսկ եթե որոշել եք երփներանգ ատլասե ժապավեններից գեղեցիկ ծաղիկներ պատրաստել, ապա կարող եք ձեր սանրվածքն ու զգեստը զարդարել գեղեցիկ վարդագույն ծաղկազարդերով: Այս մոտիվը բավական արդիական է: Հարսանեկան նորաձեւության շատ դիզայներներ զգեստների իրենց մոդելները զարդարում են վարդագույն ծաղկազարդերով կամ կտորից վարդերով»:



© NEWS.am STYLE