Ուկրաինական «Ձայնը» նախագծում ժյուրիին հմայած 14-ամյա հայուհի Լիանան` նախագծից իր սպասելիքների եւ Սրբուկի արձագանքի մասին

13:05   17 հունիսի, 2019

Ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներն արդեն որերորդ եթերաշրջանն է` հնարավորություն են ունենում հիանալու հայ մասնակիցների վոկալային տվյալներով: Օրերս նրանց կրկին անակնկալի բերեց 14-ամյա Լիանա Անդրեասյանը, որը «Մանկական Ձայնը» նախագծում կատարեց KAZKA խմբի «Плакала» երգը: Ու թեեւ ժյուրիի անդամները, գրեթե, ձեւավորել էին իրենց խմբերը` երգիչ DZIDZIO-ն չդիմացավ գայթակղությանն ու շրջվեց հայուհու կատարման ընթացքում:

Լիանայի ելույթը անտարբեր չի թողել նաեւ NEWS.am STYLE-ին: Պատանի երգչուհու հետ զրուցել ենք մրցույթին մասնակցության եւ ակնկալիքների մասին:

Լիանան ծնվել է Հայաստանում, բայց ապրում է Մոսկվայում: Երգում է տասը տարեկանից: «Ձայնը» երգչուհու առաջին մրցույթը չէ. շատերը նրան կհիշեն նաեւ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծից, որին երգչուհին մասնակցել է անցած տարի, իսկ ուկրաինական նախագծին մասնակցել է, որովհետեւ նրան միշտ դուր է եկել այդ մրցույթի մոտեցումը.

«Ինձ հատկապես դուր է գալիս ուկրաինական «Ձայնը» նախագծի որակը, դրա համար էլ ես եւ մայրիկս որոշեցինք այդ նախագծի մասնակցության հայտը լրացնել»,-NEWS.am STYLE-ին պատմեց երգչուհին` հավելելով, որ մրցույթի նախնական փուլերին պատրաստվել են մայրիկի հետ: Իր մարզչի` DZIDZIO-ի արձագանքն էլ որքան անսպասելի է եղել, նույնքան` հաճելի.

«Աննկարագրելի էր, երբ նա շրջվեց: Հրաշալի է, որ գնահատեց կատարումս: DZIDZIO-ի հետ աշխատելը շատ հեշտ է. նա շատ բարի է, ունի հումորի մեծ զգացում եւ միշտ աջակցում է իր բոլոր մասնակիցներին»:

Լիանան դեռեւս չի կարող բացահայտել, թե ինչ է ներկայացնելու հաջորդ փուլում, բայց նշում է. «Երկրորդ փուլի համարի շուրջ շատ ենք աշխատել: Դեռ չգիտեմ` երբ, բայց հուսով եմ` շատ շուտով այն կլինի եթերում»:

Երգչուհին «Կույր լսումներ» փուլում նշել էր, որ իրեն հատկապես ոգեշնչել է «Ձայնը» նախագծում Սրբուհի Սարգսյանի մասնակցությունն ու հաջողությունը: Ի դեպ, Սրբուկն այդ տեսանյութը տեղադրել էր Instagram-ում եւ հաջողություն մաղթել Լիանային, ինչը 14-ամյա հայուհուն էլ ավելի է ոգեւորել:

Լիանան մեծ սպասումներ ունի մրցույթից. «Քանի որ «Ձայնը» նախագիծը շատ հեղինակավոր ծրագիր է, շատ մարդիկ են ծանոթաում իմ երգեցողությանը, ինչն ինձ ոգեւորում է ու ոգեշնչում հետագա քայլերիս համար»,-ասում է նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները`Լիանայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE