Դառը ճշմարտություն՝ մետաղական համով. ինչո՞վ է հետաքրքիր «Չեռնոբիլը» եւ ինչո՞ւ է անհրաժեշտ այն դիտել արդեն այսօր

16:33   18 հունիսի, 2019

«Ինչպիսի՞ն է ստի գինը: Բանն այն է, որ մենք այն շփոթում ենք ճշմարտության հետ: Ամենավտանգավորն այն է, որ եթե սուտը երկար լսես, ընդհանրապես կմոռանաս, թե ինչպիսին էր ճշմարտությունը»․ 

Վալերի Լեգասով՝ ՉԱԷԿ-ում վթարի հետեւանքների տեղայնացման ղեկավար:

Մինչ ամբողջ աշխարհը քննարկում է «Գահերի խաղը» կուլտային սերիալի ավարտը, HBO-ն երկրպագուների համար եւս մեկ «ռումբ» է պատրաստել՝ «Չեռնոբիլ» մինիսերիալը: Ինչպես արդեն իսկ վերնագրից հասկանալի է, կինոսերիալը նվիրված է Չեռնոբիլի ԱԷԿ-ի ողբերգությանը:

Երբ Արեւմուտքում նկարահանում են ռուսական կամ խորհրդային կյանքի մասին որեւէ բան, անմիջապես ընթացքի մեջ է դրվում կարծրատիպային մտածողությունը. դե ահա, կրկին կցուցադրեն բալալայկաներ, ուշանկաներ, արջեր, օղի եւ այլն: Բայց ոչ այս անգամ: Աչքի զարնող առաջին բանը զարմանալիորեն մտածված մանրուքներն են: Լյուդմիլայի եւ նրա ամուսնու՝ հրշեջ Վասիլիի բնակարանի ինտերիերը, պատերի գորգերը, իսկական սպասքը, այն ժամանակ տարածված լեհական եւ չեխական պլաստմասե բիժուտերիան, բաճկոնները, ցանցապարկերը: Փողոցներում միայն խորհրդային արտադրության ավտոմեքենաներ են (իսկ ահա, ապակեփաթեթներ ԽՍՀՄ-ում չկային, ճիշտ է դա ընդհանուր պատկերն այնքան էլ չի փչացնում):

Картинки по запросу чернобыль стеклопакеты

HBO-ի «Չեռնոբիլ» մինիսերիալն, անկասկած, հանճարեղ է նկարահանված: Բարձր մակարդակի են թե՛ դերասանների խաղը, թե՛ տեսարանները, թե՛ ռեժիսուրան, թե՛ օպերատորական աշխատանքը: Կինոնկարը հանդիսատեսին տեղափոխում է այն սարսափելի օրերը, եւ յուրաքանչյուր սերիայի դիտումից հետո դու արդեն սկսում ես բերանիդ մեջ մետաղական համ զգալ: Ավելին՝ հիմա ես գիտակցում վթարի եւ հետեւանքների վերացման ժամանակ տեղի ունեցողի ամբողջ սարսափը:

chernobyl slideshow

Սա սարսափելի պատմությունների, տարբեր մարդկանց կործանված ճակատագրերի մասին յուրատեսակ ալմանախ է: Վախենում ես, երբ հերոսներին ուղարկում են 4-րդ էներգաբլոկի կիսաջրածածկ թունելներ հավաստի մահվան: Սարսափելի է, երբ «բիոռոբոտները» դուրս են գալիս ռադիոակտիվ բեկորներով լեցուն ծածկի վրա: Սարսափելի է, երբ գիտնականների հետքից են գնում КГБ-ի աշխատակիցները:

Ինչպես հատուկ է ամերիկյան կինոնկարներին, ցանկացած ֆիլմում պետք է տիպիկ «չարագործ» լինի, որը ներկայանում է դաժան եւ ոչ համարժեք: Այս դեպքում նա ՉԱԷԿ-ի գլխավոր ինժեների տեղակալ Անատոլի Դյատլովն է, ում մեղադրում են աղետի համար: Կինոնկարում երեւում է, որ հենց նրա դաժանությունն ու անփութությունն են վերջնարդյունքում հանգեցնում ռեակտորի պայթյունին:

chernobyl slideshow

Չնայած սերիալը հիմնված է իրական իրադարձությունների վրա, դրա մեջ մեծ թվով անճշտություններ կան, բայց մյուս կողմից սա գեղարվեստական ֆիլմ է եւ այն պարտավոր չէ իրականությանը համապատասխանել: Կինոնկարից հետո նաեւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես դրա մեջ են ցանկացել խցկել չեռնոբիլյան սարսափի եւ ԽՍՀՄ-ի վերաբերյալ կարծրատիպերի ամբողջ լրակազմը: Ինչպիսին էլ լինի այն, փաստ է, որ կինոնկարը ստեղծողները փառահեղ են աշխատել, եւ սերիալն, անկասկած, խորհուրդ է տրվում պարտադիր դիտելու:

Սոնա Խաչատրյան

 

 



© NEWS.am STYLE