Բեթթին Զենդայայի եւ այլ աստղերի հետ նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում (ֆոտո)

14:08   19 հունիսի, 2019

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) նկարահանվել է ամերիկյան հանրահայտ WarnerMedia-ի HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» (Euphoria) նախագծում, որի առաջին սերիան հեռարձակվել է հունիսի 16-ին: Հայուհին նախագծում նկարահանվել է հայտնի աստղերի հետ, որոնցից են, օրինակ, «Դիսնեյի», իսկ այժմ «Մարվելի» աստղ Զենդայան, Ջեյքոբ Էլորդին, Մոդ Ապատոուն եւ hոլիվուդյան այլ հայտնիներ: Թեման դեռահասներն են ու նրանց առնչվող խնդիրները:

Երգչուհին NEWS.am STYLE-ին պատմել է, թե ինչպես է ստացել նախագծում նկարահանվելու առաջարկն ու ինչ տպավորություններ ունի համաշխարհային ճանաչում ունեցող հայտնիների հետ աշխատանքից.

Բեթթին հնարավորություն է ստացել մասնակցելու նախագծի քասթինգին, քանի որ ունի գործակալ, որն իրեն ներկայացնում է մեդիադաշտում: Ամերիկյան գործակալություններից մեկը պայմանագիր է կնքել նրա հետ, եւ ըստ ամերիկյան մեդիայի կանոնների՝ հայազգի մեդիադեմքը գործակալի միջոցով մասնակցում է փակ քասթինգների:

«Եվս մեկ նվաճում դեպի ինքս իմ առջեւ դրած մեծ նպատակներ: Ոգեւորիչ է կարողանալ ոտք դնել ամերիկյան մեդիայի փակ դռներից այն կողմ, իսկ նման գերաստղերի և պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելն ինձ համար մեծ փորձ է»,-նշում է նա:

Ի դեպ, հեռուստանախագիծը բավականին դրական արձագանքների է արժանացել ամերիկյան կինոքննադատների կողմից, եւ չի բացառվում, որ այն նաեւ երկրորդ եթերաշրջան ունենա:

«Էյֆորիա»-ի բոլոր 8 էպիզոդները հասանելի կլինեն օգոստոսին. դեռեւս հանրությանը ներկայացվում է շաբաթական ընդամենը մեկ էպիզոդ:

Բեթթին, սակայն, չի սահմանափակվում միայն նոր նախագծի աշխատանքներով: ԱՄՆ-ում նա շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել, իսկ առաջիկայում երգչուհին հանդես է գալու այլ անակնկալներով, որոնց մասին խոստացավ պատմել ավելի ուշ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Բեթթին



© NEWS.am STYLE