«Առնետաորս»․ Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջին անգամ բեմադրվեց 18+ ներկայացում

18:35   19 հունիսի, 2019

Համարձակ տեսարաններ ու տպավորիչ խաղ․ երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ երիտասարդ դերասաններ Ցողիկ Մարտիրոսյանի եւ Վահան Միրաքայանի գլխավոր դերակատարմամբ «Առնետաորս» 18+ ներկայացման պրեմիերան։ Այն բեմադրվել է Պետեր Տուրրինիի համանուն պիեսի հիման վրա։

Ներկայացման ռեժիսորը Նարեկ Մանուչարյանն է, որը բացահայտեց, որ նման

ներկայացում ունենալու միտքը դերասան Վահան Միրաքյանինն է եղել։ Ռեժիսորի խոսքով՝ Վահանն ու Ցողիկն առանձին փորձ են արել՝ հասկանալու համար՝ ուզո՞ւմ են այն խաղալ, թե՞ ոչ․

Ներկայացման կերպարներն անուններ չունեն: Նարեկ Մանուչարյանի խոսքով՝ հենց այդտեղ է ընկած նաեւ պիեսի գաղափարախոսությունը.

«Սկզբնական շրջանում, երբ փորձում ես մարդուն ճանաչել, պետք է իմանաս նրա անունը: Կարծում եմ՝ անվան մեջ ներգրավված է այն դրաման, որն ունեն կերպարները, այսինքն՝ երբ դու շրջանցում ես անունը, դրաման եւ փորձում մարդուն ճանաչել արտաքնապես, մերկացնելով, կամ հանելով զարդերը, դա չի ստացվում»:

Ի դեպ, ռեժիսորը նշում է՝ սկզբում երկմտել է ստանձնել տվյալ գործի բեմականացումը, առավել եւս, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջին անգամ պետք է նման ներկայացում լիներ, սակայն ավելի խորը ուսումնասիրելով կերպարներն ու նրանց հետ առնչվող իրավիճակները՝ հասկացել է՝ այն շատ արդիրական է։

Վահան Միրաքյանն էլ հավելում է՝ կան կերպարներ որոնք ցանկացած դերասան ցանկություն է ունենում մարմնավորելու․ իր կերպարը հենց այդպիսին էր․

«Երեքս շնչել ենք մի քթով, նույն կետին ենք նայել։ Գործն ինքնին հետաքրքրություն առաջացնող է, ամեն բան սկսվում է բացահայտելուց եւ մաքրվելուց»,-ասում է նա։

Ներկայացման առաջնախաղին ներկա էին  նաեւ մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Դավիթ Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Իննա Խոջամիրյանը, Տաթեւ Հովակիմյանը, Ժաննա Վելիցյանը, Մարիամ Ադամյանը, Միկա Ղափլանյանը, Լուիզա Մելքոնյանը, Վարուժ Մարգարյանը, Լեւս Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Հասմիկ Վերդյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմը եւ այլք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE