«Ես ձեռք եմ բերել այն, ինչը ցանկացած արտիստի երազանքն է՝ որպեսզի իմ երգերն ինձանից երկար ապրեն». այսօր Ջորջ Մայքլի ծննդյան օրն է

14:05   25 հունիսի, 2019

Նրա երգերն ապրում են, նույնիսկ, իրենից հետո: Հենց սա էր Ջորջ Մայքլի երազանքը, եւ նա այս մասին վստահորեն բարձրաձայնել էր կենդանության օրոք: Աշխարհահռչակ երաժիշտն այսօր՝ հունիսի 25-ին, կդառնար 56 տարեկան:

Երգիչն առավել հայտնի դարձավ 1980-ական եւ 90-ական թ-երի իր հիթերով, որոնցից են՝ Wake Me Up Before You Go-Go-ն եւ Last Christmas-ը, ինչպես նաեւ այդ տարիներին իր թողարկած Faith եւ Listen Without Prejudice Vol. 1 ձայնասկավառակների երգերը:

Երաժիշտը կյանքից հեռացել է 2016 թ-ին՝ 53 տարեկան հասակում՝ սրտի կաթվածի պատճառով:

«Ինձ չեմ սիրում դիտել, բայց սիրում եմ լսել»՝ մի առիթով ասել է երաժիշտը, որին սիրում ենք լսել եւ դիտել շատերս: Նրա հայտնի մտքերից մի քանիսն առաջարկում ենք ընթերցել այս պահին:

«Այնքան մեծ ուժ է պահանջվում, որպեսզի քո սեփական էգոյին ասես՝ «Գիտե՞ս ինչ, դու ինձ հիմա մենակ կթողնես, թե չէ ես քեզ կարհամարհեմ»»:

«Ես երբեք չեմ կենտրոնացել այն հարցի շուրջ, թե արդյոք իմ սեքսուալ պատկանելիությունը ճի՞շտ է, թե՞ սխալ: Ինձ համար կարեւորը ճիշտ մարդու գտնելն է»:

«Հայտնի մարդ ու գաղտնիք բառերն իրար հետ կապ չունեն: Բամբասանքները, միեւնույն է, քեզ գտնելու են»:

«Ես ինքս ինձ համոզել էի, որ Ջորջ Մայքլը կատարյալ դերասան է: Դա ինքնապաշտպանության մի ձեւ էր»:

«Բոլոր նրանք, ովքեր պայքարում են մարդու իրավունքների եւ աշխարհն ավելի լավ վայր դարձնելու համար՝ բուժքույրերը, բժիշկները, ուսուցիչները, այն մարդիկ են, որոնք գովեստի ու հիացմունքի են արժանի»:

«Աստղերը, սովորաբար, այն մարդիկ են, ովքեր ցանկանում են ծածկել իրենց սեփական թուլությունները հանրային սիրո ներքո: Ես՝ ինքս, բացառություն չեմ»:

«Ես ձեռք եմ բերել այն, ինչը ցանկացած արտիստի երազանքն է՝ որպեսզի իմ երգերն ինձանից երկար ապրեն»:

«Կարծում եմ՝ մեդիան իսկական հրեշ է»:

«Ես աշխարհի ամենահաջողակ ստեղծագործողն եմ»:

«Ես ինձ դիտել չեմ սիրում, բայց, իսկապես, հաճույք եմ ստանում ինձ լսելով»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE