Լույս է տեսել Գայանե Առաքելյանի «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը

12:45   26 հունիսի, 2019

Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100 ամյակին ընդառաջ լույս է տեսել արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանի «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Այս աշխատության հիմական նպատակն է լուսաբանել Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրը համարվող խոշոր վարպետի՝ մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունը եւ ցույց տալ Անդրանիկ Քոչարի (1919-1984թթ.) նշանակալի դերը հայ լուսանկարչության զարգացման ասպարեզում: Խնդրո առարկա մենագրությունը Գայանե Առաքելյանի՝ մեկ տասնամյակից ավելին տեւած մանրամասն հետազոտությունների արդյունքն ու հանրագումարն է:

Առաքելյանի մենագրության լույս ընծայումը համընկնում է 2019 թ. Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա եւ լուսանկարչության գյուտի 180-ամյա հոբելյաններին: Այն մի յուրահատուկ հարգանքի տուրք է մեծ լուսանկարչի եւ նրա կերտած ստեղծագործությունների նկատմամբ: Ինչպես հեղինակն է նշում. «Այս գիրքը Քոչարի լուսանկարչական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու առաջին փորձն է, ուր լուսաբանվում են արվեստագետի՝ հնարավորինս լիարժեք հավաքածուն, նրա նախընտրած աշխատաոճը, ստեղծագործության գեղարվեստական լեզուն»:



© NEWS.am STYLE