«Պրեմիերայի էի գնացել». Անվերջությունը հաստատապես վերջին սահմանը չէ. «Խաղալիքների պատմություն 4»

20:33   26 հունիսի, 2019

Թվում է՝ 2011 թվականին «Խաղալիքների պատմություն. Մեծ փախուստ»-ը թողարկելով՝ Pixar ստուդիան գրագետ կերպով ավարտել էր փոքրիկ հերոսների մասին պատմությունը: Այնպես չի, որ նրանց մասին նկարահանելու բան չկար. պարզապես չարժեր: Հատկապես հաշվի առնելով այն, որ մեծ ստուդիաները սիրելի ֆիլմերը վերածում են ձանձրալի դրոշմների՝ մի սիքվելը մյուսի պոչին կպցնելով: Զարմանալիորեն ողջ խաղալիքների մասին նոր պատմությունը անկեղծ ու ուրախ է ստացվել:

Այն ժամանակից ի վեր, ինչ Էնդին քոլեջ է ընդունվում, խաղալիքները բնակություն են հաստատում իրենց նոր տիրուհու՝ Բոնիի տանը, որը շուտով մանկապարտեզ է գնալու: Մանկապարտեզ հաճախելու առաջին օրից էլ կմեկնարկի իրադարձությունների հերթագայությունը, որում տեղ կգտնվի թե՛ հետապնդումներով ճանապարհորդությունների, թե՛ նոր խաղալիքների հետ ծանոթության, թե՛ հին ընկերներից ոմանց հետ հանդիպումների եւ նույնիսկ ռոմանտիկ պատմության համար:

Ռեժիսուրա

«Խաղալիքների պատմություն 4»-ը մուլտիպլիկատոր, կադրավորող, սցենարիստ եւ հնչունավորման դերասան Ջոշ Կուլի ռեժիսորական դեբյուտն է: Թվում է, թե Pixar-ը սարսափելի ռիսկի է դիմել՝ նորեկին հնարավորություն տալով շարունակել իր լավագույն ֆրանշիզաներից մեկը: Բայց Կուլին միանգամայն տաղանդավոր է:

Եթե նայենք նրա աշխատանքների ցանկը, ապա տեսանելի է, որ նա 2004 թվականից սկսած Pixar ստուդիայում դանդաղորեն, բայց հաստատուն է ուսանել: Կուլիի ձեռքն առկա է վերջին 15 տարում ստուդիայում ստեղծված գրեթե բոլոր հիթերում: Եվ նրա դեբյուտային կինոնկարում հստակ երեւում է, որ Կուլին փայլուն է շարունակել Pixar-ի դասական ավանդական գիծը:

Սյուժեն

Սյուժեն օրիգինալ չես անվանի, մուլտֆիլմի գործողությունը պտտվում է դժբախտության մեջ հայտնված խաղալիքի շուրջը:

«Խաղալիքների պատմություն» ֆրանշիզան մշտապես աչքի է ընկել անկեղծությամբ եւ բարոյախրատական բաղադրիչով, ընդ որում՝ արդիական ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Առաջին 2 մասերը մարդու կյանքում խաղալիքների դերակատարման, նրանց համար պատասխանատվության զգացման մասին խորհրդածություններ են, ում մենք ընտելացրել ենք, եւ այն մասին, թե ով է ընկերը...  Երրորդ մասը, ասես հանդիսատեսի հետ հասակ առնելով, պատմում է այն մասին, որ մեծանալով՝ պետք է կարողանալ փոխվել եւ մանկությանը ժամանակին հրաժեշտ տալ:

Չորրորդ մասը բարձրացնում է այն հարցը, թե որքան կարեւոր է կյանքում սեփական տեղը գտնելը, ինչի համար է պետք ապրել եւ ում համար: Ըստ էության, այսպիսի բարի փիլիսոփայական ուղերձների համար էլ հենց Pixar-ը սիրում ենք:

Հերոսները

Կովբոյ Վուդին միշտ եղել է խաղալիքների պատմությունների կենտրոնական հերոսներից: Երեք ֆիլմերի ընթացքում զվարճալի ու հետաքրքիր էր հետեւել նրա հերոսի զարգացմանը: Վուդին այս մասում շարունակում է զարգանալ:

«Հին» հերոսները՝ սկսած Բազ Լայթերից, ավարտած կարտոֆիլային զույգով, մի փոքր երկրորդ պլան են մղված՝ ասես ճանապարհ տալով զվարճալի ու սուիցիդալ միսթեր Վիլքինսի նման նորեկներին:

Գաբի Գաբի տիկնիկը ստացվել է բարի դեմքով տիպիկ չարագործ, բայց ոչ վատ մոտիվացիայով: Իսկ կանադացի կասկադյորը եւ թավշյա խաղալիքներ Ուտին եւ Զաին ուղղակի լավագույնն են երգիծական տեսարաններում:

Անիմացիա

Անիմացիան պարզապես վայելք է: Գույները եւ պատկերները ցնցող են: Շատ տեսարաններ այնպես են նկարված, որ դիտման ժամանակ մոռանում ես, որ ոչ թե ֆիլմ, այլ մուլտֆիլմ ես դիտում: Ամեն դեպքում կարեւոր է հիշել, որ 3D մուլտիպլիկացիայում հենց Pixar-ն է նորարարը:

Ամփոփում

«Խաղալիքների պատմություն 4»-ը՝ «Անվերջությունը վերջին սահմանը չէ» կարգախոսի իսկական մարմնավորումն է: Pixar ստուդիան կրկին անիմացիոն գլուխգործոց է ստեղծել՝ սիրելի հերոսներով, գրավիչ արկածներով, անհավանական պատկերներով եւ ավանդական բարի ուղերձով:

P.S.

«Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմ է, որը դիտելով մի քանի սերունդ է մեծացել: Վուդին, Բազը, Ռեքսը եւ մյուս հերոսները հանդիսատեսից շատերի համար լավ բարեկամներ են դարձել, որոնց հետ յուրաքանչյուր հանդիպումը վերածվում էր ջերմ զգացումներով գրավիչ ճանապարհորդության:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE