Ժաքլին Քենեդու ոգեշնչող ոճն ու Միշել Օբամայի՝ «սովորական աղջկա կերպարը». Marie Claire Italy-ի խմբագրի ելույթը՝ Fashion Forum Yerevan-ի շրջանակում

19:35   26 հունիսի, 2019

«Նորաձեւություն գոյություն չունի. այն օդում է, երկնքում, փողոցում, մեր մտքերում»,-համոզված է իտալական հայտնի Marie Claire ամսագրի լրագրող եւ խմբագիր Անտոնիո Մանչինելին, որն այս օրերին Հայասանում է: Հայտնի լրագրողն այստեղ է Fashion Forum Yerevan 2019 ծրագրի շրջանակում, որի ընթացքում այսօր՝ հունիսի 26-ին, «Նորաձեւություն եւ քաղաքականություն» թեմայով ելույթ ունեցավ «Թումո»-ում:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շփվում ենք տեսողական լեզվով»,-ասում է նա,- «Մեր մասին կարծիքը հիմնականում ձեւավորում են սոցիալական կայքերը, այն լուսանկարները, որոնք, օրինակ, մենք տեղադրում ենք Instagram-ում»:

Իր ելույթում Անտոնիոն ինքն էլ եզրահանգեց՝ քաղաքականությունն ու նորաձեւությունը միշտ են փոխկապակցված եղել:

«Նրաձեւությունը բոլոր ոլորտներում առկա է՝ արվեստում, երաժշտության եւ տեխնոլոգիայի մեջ եւ խոսքը միայն հագուստի մասին չէ: Նորաձեւությունը հագուստը կրողի անձնական ընկալման մեջ է»:

Անտոնիոյի կարծիքով՝ կին քաղաքական գործիչների հագուստի ոճի մեջ մեծ ազդեցություն է թողել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու կինը՝ Ժաքլին Քենեդին: Շքեղ, միեւնույն ժամանակ՝ գեղեցիկ, կոկիկ եւ արքայավայել՝ հենց այս ոճն է դարձել դասական՝ կին քաղաքական գործիչների շրջանում: Արքայադուստր Դիանայից մինչեւ Մեգան Մարքլ՝ Անտոնիոյի խոսքով նրանք բոլորն էլ ոգեշնչվել են Քենեդու նրբաճաշակությունից: Լրագրողն առանձնացրեց, թերեւս, Միշել Օբամայի ոճը. ըստ նրա՝ Օբաման տարբերվում է բոլորից նրանով, որ ցանկանում է լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են՝ ցանկացած աղջիկ կամ կին՝ գունավոր, թեթեւ, առօրյա:

«Նա շատ լավ օրինակ է կանանց համար: Դուք եւս գնում եք այն հագուստը, որը մոտ է ձեզ: Միշել Օբաման ստեղծել է իր սեփական ոճը»:

Մանչինելին նկատեց՝ տղամարդիկ իրենց դասական կոստյումներով չեն տարբերվում միմյանցից: Նրա կարծիքով՝ միգուցե կանայք դեռեւս չեն գտել իրենց ոճը քաղաքականության մեջ:

Marie Claire Italy-ի խմբագիրը նորաձեւության օրինակներով ցուցադրեց, թե ինչպես է այդ ոլորտը տարիներ շարունակ կապված եղել քաղաքականության հետ: Խոսքը, մասնավորապես, տարատեսակ գրառումներով շապիկների մասին է, որոնք իրենց կրողի հետ փոխանցում են տարբեր հաղորդագրություններ:We Should All be Feminists, Save The Sea, Our Voice is The Only Thing That will Protect Us, Climate, People are people` սրանք բոլորը վերցված են տարբեր նորաձեւության տների ցուցադրություններից եւ արտահայտում են սեռական հավասարության, բնության պահպանման եւ այլ թեմաներով մեսիջներ:

«Այն, թե ինչ եք վաճառում, շատ կարեւոր է, բայց ավելի կարեւոր է գիտակցել, թե ինչու եք տվյալ ապրանքը վաճառում, թե ինչու եք մարդկանց ներգրավում ձեր արտադրանքի մեջ: Որոշեք ձեր արժեքները՝ դրանք անհատականացնելով»,-իր ելույթն այս խոսքերով ավարտեց հայտնի լրագրողը, որի հետ NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը կարող եք ընթերցել առաջիկայում:

Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը կազմակերպում է «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE