«Ոչ ոք չէր հավատում, որ ես մի օր կամուսնանամ». հարսանյաց զգեստների ամենահայտնի դիզայները՝ Վերա Վոնգը, նշում է 70-ամյակը (ֆոտո)

15:07   27 հունիսի, 2019

Աշխարհի ամենաուշագրավ հարսանյաց զգեստների դիզայները՝ Վերա Վոնգն, այսօր՝ հունիսի 27-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Ամերիկացի դիզայները դարձավ 70 տարեկան:

Վերա Վոնգը ծնվել է Նյու Յորքում, սակայն դիզայներն ունի չինական արմատներ: Վերայի ընտանիքը Շանհայից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1940-ական թ-երին:

Նորաձեւության ապագա աստղը 6 տարեկան հասակում տարված էր գեղասահքով: 1960-ական թ-երին Վերան, նույնիսկ, մասնակցել է գեղասահքի մրցումների, որից հետո դարձել է Sports Illustrted ամսագրի դեմքը: Նորաձեւությամբ Վերան սկսել է զբաղվել ավելի ուշ, երբ գեղասահորդուհու իր կարիերան սկսեց նահանջել:

1989 թ-ին Վոնգն ամուսնացել է իր ընկերոջ՝ Արթուր Բեքերի հետ: Հենց այդ ժամանակվանից էլ նա մտածեց, որ հարսանյաց սրահների զգեստը նման կլինի բոլորի զգեստներին, եւ որոշեց, որ իր հարսանյաց զգեստը անձամբ ինքը պետք է ստեղծի: Դրանից հետո նրա աշխատանքն այնքան ուշագրավ դարձավ, որ նրան սկսեցին դիմել Ամերիկայի ամենահարուստ եւ հայտնի ընտանիքները, որպեսզի Վոնգն իրենց համար էլ ստեղծի շլացուցիչ հարսանյաց կերպարներ:

Ահա, այսպես՝ համեստ,բայց վճռական քայլերով Վերա Վոնգը գրավեց նորաձեւության աշխարհը: Իսկ այսօր առաջարկում ենք վերհիշել հայտնի դիզայների մտքերից մի քանիսը.

«Հաջողությունն արդյունքի մեջ չէ: Դա այն է, ինչ դու սովորում ես դրան հասնելու ճանապարհին»:

«Կինը սեքսուալ է միայն այն ժամանակ, երբ իրեն հարմարավետ է զգում այն հագուստի մեջ, որը կրում է»:

«Մի վախեցեք սովորելուց: Ուրիշ մարդկանց համար աշխատելը լավ է: Ես ավելի, քան 20 տարի աշխատում եմ պատվիրատուների հետ: Նրանք ինձ վճարում են, իսկ ես դրանից սովորում եմ»:

«Մարզիկ լինելը մի շարք զոհողությունների հետ է կապված: 15 տարեկանում ես ստիպված էի հրաժարվել շատ բաներից, այդ թվում՝ շփումից, որպեսզի լավ գեղասահորդուհի դառնայի»:

«Երբ մի բանի հանդեպ կիրք ես զգում, դու ոչ միայն դա լավ ես անում, այլեւ շատ ես աշխատում այդ բանի շուրջ»:

«Կարեւորը սիրահարվես մի բանի: Եթե սիրտդ դրան կպնում է, միտքդ հետեւում է նրան»:

«Ես նորաձեւությամբ հետաքրարված եմ եղել 8 տարեկանից: Միշտ նկարում էի զգեստներ, որոնք պետք է կրեի գեղասահքի մրցումներիս ժամանակ»:

«Ոչ ոք չէր հավատում, որ ես մի օր կամուսնանամ: Շատերը կարծում էին, թե ես միանձնուհի եմ դառնալու նորաձեւության աշխարհում»:

«Այն ամենը, ինչ ինձ հետ պատահել է նախկինում՝ մարդիկ, իրադարձությունները, փորձը, ինձ համար ամենակարեւոր բաներն են: Դա չի նշանակում, թե ես մերժում են ներկան, բայց ես չեմ մոռանում իմ անցյալը»:

«Ինձ դուր են գալիս սեւ հարսանյաց զգեստները»:                                      

Լուսանկարները՝ Vogue, Forbes, Getty եւ Վերա Վոնգի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE