Անցանկալի հղիության ցուցանիշը Հայաստանում շարունակում է բարձր մնալ

14:17   4 հուլիսի, 2013

Ամառն արձակուրդների շրջան է: Հայտնի է, որ այն նաեւ հագեցած սեքսի ժամանակաշրջան է: Անվտանգ սեքսի կարեւորության մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ կայացած հանդիպման մասին խոսեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի մաշկաբան-վարակաբան Կարեն Վարդանյանն ու Գինեկոլոգների հայկական բժշկական ասոցիացիայի անդամ Ռուսուդան Վարդանյանը: Նրանց խոսքով, վտանգավոր խմբում են հատկապես ինտիմ ծառայություններ առաջարկողներն ու արտերկրում հանգստացողները:

«Վեներայի սեզոնը» սկսվում է օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին, երբ շատերը վերադառնում են արձակուրդից: Բժիշկների հավաստմամբ, ամենից տարածված հիվանդություններն են սիֆիլիսը, կաթնուկը եւ այլն: Հայաստանում այդ կապված է նաեւ մեկ այլ խնդրի՝ սեռական ակտի ժամանակ պահպանակից խուսափելու սովորության հետ:

«Բժիշկ-մաշկաբաններին դիմողների հիմնական մասը 18-24 տարեկան երիտասարդներ են: Նրանց մեծ մասը խուսափում է պահպանակ գործածելուց՝ պատճառաբանելով, թե ամաչում է դեղատներում հակաբեղմնավորիչ հարցնել»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Իր հերթին Ռուսուդան Վարդանյանը նշեց, որ հակաբեղմնավորիչ չօգտագործելու պատճառով անցանկալի հղիությունների ցուցանիշը Հայաստանում շարունակում է բարձր մնալ: Հղիությունների կեսից ավելին ծրագրված չեն, իսկ 15%-ն ընդհատում է անցանկալի հղիությունը:

Վերջում բժիշկները կոչ արեցին մշտական զուգընկեր ունենալ եւ հակաբեղմնավորիչներ գործածել՝ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար: Որոշ դեպքերում դրանք կարող են բերել անպտղության:

Տեքստը՝ Գրիգոր Ավետիսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE