Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. «Նա հայտնվեց…»

22:32   4 հուլիսի, 2013

Բարի երեկո: Ես հանդիպեցի Նրան: Այնքան առնական է, նման չէ մյուսներին: Բարի, ուշադիր, հետաքրքիր եւ… կնամոլ: Այդ մասին իմացա պատահաբար: Բայց ամեն ինչ՝ հերթականությամբ:

Նրա անունը Հրանտ է: Ընկերուհուս եղբայր է, ում հետ չէինք հանդիպել 15 տարի: Ես մանկությունից հիշում էի պզուկոտ պատանուն, ում տանել չէի կարողանում: Նա ինձ հիմար էր անվանում, գնդակով հարվածում, ջուր ցողում վրաս եւ բարկացնում: Հետո ընկերուհուս ծնողներն ամուսնալուծվեցին. նա մնաց Հայաստանում՝ մոր հետ, իսկ Հրանտը հոր հետ մեկնեց Ռուսաստան: Եվ հիմա վերադարձել է…

Երբ երկու օր առաջ երեկոյան տեսա նրան, չէի հավատում, որ ինքն է: Նիհար պատանին իսկական տղամարդ էր դարձել: Նա նույնպես չէր հավատում, որ այս ես եմ: Անմիջապես անցավ հաճոյախոսությունների եւ առաջարկեց սիրտն ու ձեռքը: Իհարկե՝ կատակով… Բայց իմ սրտում ինչ-որ բան խլրտաց:

Հետո ընկերուհիս պատմեց, որ Ռուսաստանում մի քանի ընկերուհի ունի, Հայաստանում երկու օրվա ընթացքում էլ եւս երկուսի հետ է հանդիպել: «Այնպես որ, խնդրում եմ, զգո՛ւյշ եղիր»,- զգուշացրեց ընկերուհիս: Ի պատասխան ծիծաղեցի եւ ասացի, որ տանել չեմ կարողանում կնամոլներին:

Բայց ահա երկու օր է՝ նա դուրս չի գալիս գլխիցս: Վաղը ընկերուհուս ծննդյան տարեդարձն է: Չեմ կարող չգնալ, բայց գիտեմ, որ նա նույնպես այնտեղ կլինի… Ինչպիսի հիմարություն, չէ՞ որ ես նման գրեթե չեմ ճանաչում: Չգիտեմ՝ ինչ է կատարվում ինձ հետ: Ես միշտ կարողացել եմ զսպել զգացմունքներս, իսկ հիմա…



© NEWS.am STYLE