«Մի արհամարհեք ձեր մշակութային արժեքները». Daily Telegraph-ի նորաձեւության բաժնի տնօրենի վարպետության դասը Երեւանում (ֆոտո)

18:11   28 հունիսի, 2019

Fashion Forum Yerevan 2019-ի շրջանակում օրերս Երեւանում էր նորզելանդական ծագում ունեցող բրիտանացի հայտնի լրագրող, բրիտանական Daily Telegraph պարբերականի նորաձեւության բաժնի տնօրեն Հիլարի Ալեքսանդրը: Նորարձեւության աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը հունիսի 26-ին վարպետության դաս ունեցավ «Թումո» կենտրոնում, որի շրջանակում խոսեց երիտաարդ տաղանդների բացահայտման եւ նրանց՝ նորաձեւության ցուցադրություններին ներառելու կարեւորության մասին:

Ալեքսանդրը նաեւ Hello նորաձեւության ամսագրի գլխավոր խմբագիրն է: Նա հաճախ հանդես է գալիս՝ որպես ոճաբան եւ հաղորդավար: Հիլարին համագործակցել է մի շարք հեղինակավոր հեռարձակողների հետ, որոնցից է, օրինակ, BBC-ն, իսկ British Next Top Model հանրահայտ նախագծի շրջանակում լրագրողը հանդես է եկել՝ որպես ոճաբան: 1997 եւ 2003 թ-երին Բրիտանիայի նորաձեւության մրցանակաբաշխության ժամանակ Հիլարին ճանաչվել է «Տարվա լրագրող»:

«Երիտասարդ դիզայներներն իմ թուլությունն են»,-ասում է Ալեքսանդրը, որը կարեւորում է նորաձեւության բուհերի շրջանավարտների ներկայությունը լոնդոնյան նորաձեւության շաբաթին: Շատ տաղանդավոր դիզայներներ, ըստ Հիլարիի, բացահայտվում են Graduate Fashion Week-ի ժամանակ: Աշխարհահռչակ լրագրողը, որը հարցազրույցներ է ունեցել նորաձեւության աշխարհի ամենահայտնի ու կարկառուն դեմքերի հետ, ինչպիսիք են՝ Կառլ Լագերֆելդն ու Ջիորջիո Արմանին, Քլաուդիա Շիֆերն ու Նաոմի Քեմփբելը, ասում է՝ առանձնահատուկ հիացմունքով ու սպասումով է մոտենում շրջանավարտների նորաձեւության շոուներին, քանի որ նոր դեմքերի բացահայտելն իր համար կիրք է:

Հիլարին կարեւորում է նորաձեւության քոլեջներում ոչ միայն դիզայնի, այլեւ այլ հմտությունների ուսուցանումը, որոնց շարքում են, օրինակ, բրենդինգը, աքսեսուարների դիզայնը, վաճառքի հմտություններն ու լրագրությունը: Նրա կարծիքով՝ նորաձեւությունը բազմաժանր ոլորտ է, որը պետք է նույնքան կարեւորել, որքան մյուս բոլոր ոլորտները.

«Ինձ հաճախ հարցնում են՝ արդյոք չե՞ս ձանձրանում այսքան տարի նորաձեւության ասպարեզում լինելով: Ես միշտ պատասխանում եմ՝ երբ ցուցադրությունների ժամանակ լույսերն անջատվում են, պոդիումն էլ դառնում է թատրոնի եւ կինոյի պես մի բան: Ինչպե՞ս կարելի է ձանձրանալ»:

Նրանից չեն ձանձրանում ու չեն հոգնում նաեւ նորաձեւության աշխարհի հայտնիները: Նրանցից շատերը տարբեր առիթներով խոստովանել են՝ Հիլարին այն լրագրողներից է, որն այնքան դրական էներգետիկա ունի, որ դիզայներներն ու մոդելները, որքան էլ, որ հոգնած են լինում եւ լարված, ցուցադրության ամենաթեժ պահերին պատրաստ են զրուցել նրա հետ ու կիսվել տպավորություններով: Ավելին՝ Հիլարիի ներկայությունը հաճախ ոգեւորում է նրանցից շատերին:

Իսկ նորաձեւության մասնագետի խորհուրդը լրագրողներին հետեւյալն է՝ տեսեք այն, ինչ, միգուցե, չտեսնեն մյուսները եւ գրեք հենց այդ թեմայով:

«Նորաձեւության աշխարհի ապագան կախված է նորարություններից»,-համոզված է նա՝ միեւնույն ժամանակ շեշտելով. «Մի արհամարհեք ձեր մշակութային արժեքները: Ոգեշնչվեք դրանցով՝ օգտագործելով դրանք թե´ դիզայնի, թե´ դրա ձեւվածքի մեջ»:

Հիլարին հույս ունի, որ մի օր հեղինակավոր նորաձեւության շաբաթներին կտեսնի նաեւ հայկական բուհերի ներկայացուցիչներին.

«Հուսով եմ՝ երեւանյան բուհերը եւս մի օր հնարավորություն կունենան մասնակցելու Լոնդոնի նորաձեւության շաբաթին»,-ասում է նա՝ պատրաստակամություն հայտնելով գնահատել նաեւ հայ ուսանողների աշխատանքը:

Fashion Forum Yerevan-ն արդեն երկրորդ տարին է անցկացվում մեր մայրաքաղաքում: Այս տարի այն մեկնարկել է հունիսի 25-ին եւ տեւելու է մինեւ հունիսի 29-ը։ Միջոցառումն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար», «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE