Ի՞նչ զիջողությունների է գնացել ամերիկյան հեղինակավոր ամսագիրը՝ հայուհի Keyoh-ին իրենց շապիկին ներկայացնելու համար (ֆոտո)

15:11   29 հունիսի, 2019

Բելգիահայ երգչուհի Keyoh-ը կրկին հեղինակավոր ամսագրի շապիկին է: Այս անգամ երգչուհին զարդարել է ամերիկյան հայտնի Picton Magazine-ի հունիսյան համարը: Հայուհին իր հերթական հաջողությմբ կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:

«Picton ամսագիրը Սան Ֆրանցիսկոյում է գործում: Նրանք ինձ վաղուց են հետեւում սոցիալական ցանցով. ինձ հետ կապվել են Instagram-ի միջոցով: Առաջարկը եղել է դստերս՝ Էլիսայի ծնունդից հետո: Իհարկե, այդ ժամանակ ես ընդհանրապես պատրաստ չէի նկարահանումների: Ինչպես շատ կանանց, ինձ էլ էր անհրաժեշտ վերականգնվել ծննդաբերությունից հետո: Նրանք ինձ առաջարկեցին մեկնել Սան Ֆրանցիսկո կամ Փարիզ, որտեղ որ պետք է տեղի ունենային նկարահանումները: Բայց երկու դեպքում էլ տարածությունն ինձ համար խոչընդոտ էր: Դստերս ծնվելուց հետո ես չէի կարող ոչ մի ակնթարթ նրանից հեռու լինել: Շատ ուրախ եմ, որ, ամեն դեպքում, լուծում գտանք եւ ֆոտոշարքն իրականացրինք Բելգիայում: Շատ լավ ստացվեց, քանի որ այդ օրը դուստրս եւս ներկա էր նկարահանումներին եւ, նույնիսկ, հայտնվեց լուսանկարներից մի քանիսում: Դա նրա առաջին նկարահանումն էր որեւէ ամսագրի համար»,-ուրախությամբ պատմում է Keyoh-ը, որը ամսագրի էջերում ներկայացել է ռետրո ոճում՝ գլամուրային մայրիկի կերպարով:

«Ամսագիրն ինձ ցականում էր լուսանկարել հենց մայրիկի կերպարում, որը հոգ է տանում իր նորածին երեխայի համար, բայց միեւնույն ժամանակ լինել գլամուրային թեմայի մեջ: Կարծում եմ՝ ստացվել է, որովհետեւ ոճաբաններն, իսկապես, շատ են աշխատել իմ կերպարի շուրջ: Ֆոտոշարքի լուսանկարիչն ու ոճաբանը Devi-Shri Vancoillie-ն է: Հենց նա է ընտրել իմ հագուստի ոճը, նկարահանման վայրն ու դեկորները: Ուզում եմ նաեւ նշել դիմահարդար Լիլիթին եւ վարսահարդար Էլսին: Նրանց շնորհիվ էլ Picton Magazine-ի մտահաղացումը կյանքի կոչվեց»:

Երգչուհին խոստովանում է՝ կերպարն իրեն այնքան հոգեհարազատ է դարձել, որ դեմ չէ այն կիրառել նաեւ առօրյայում.

«Այդ օրն, ասես, ուրիշ աշխարհում եւ այլ ժամանակահատվածում լինեի: Հրաշալի օր էր եւ դեռ չեմ հավատում, որ կրկին հեղինակավոր ամսագրի շապիկին եմ հայտնվել, սա արդեն իմ 8-րդ շապիկն է»:

Ամիսներ առաջ մայրացած երգչուհին նշում է.

«Մայրիկ լինելու զգացողությունները դժվար է բառերով փոխանցել: Դա սիրո մեկ այլ մակարդակ է: Ինձ համար հիմա ամենակարեւորն իմ դստեր առողջությունն ու նրա ժպիտն են: Չեմ ստի՝ առաջին երեք ամիսները հեշտ չէին, բայց հիմա ես վերադարձել եմ, ու այժմ ավելի ուժեղ եմ, քան երբեւէ: Մեր դուստրն ինձ ուժ է տալիս, սեր ու մոտիվացիա, որպեսզի ավելի շատ աշխատեմ: Շուտով արդեն կներկայացնեմ իմ նոր երգն ու տեսահոլովակը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Picton Magazine



© NEWS.am STYLE