Կատարյալ make-up-ի գաղափարներ Վիկտորիա Բեքհեմից (ֆոտո)

18:18   4 հուլիսի, 2013

Բնական գեղեցկությունը Վիկտորիա Բեքհեմի հիմնական չափանիշն է: Ահա արդեն վեցերորդ սեզոնն է՝ հայտնի Spice Girls խմբի նախկին անդամ, ներկայում ճանաչված դիզայները նորաձեւության իր ցուցադրություններում ընդգծում է կնոջ բնական գեղեցկությունը՝ խուսափելով բարդ եւ վառ դիմահարդարումից:

 

Դեւիդ Բեքհեմի տիկնոջ ցուցադրություններում մոդելները ներկայանում են անհավանական թեթեւ եւ բնական դիմահարդարմամբ: Մաշկի կատարյալ երանգ, շագանակագույն ստվերաներկ, թեթեւ վարդագույն սնգույր եւ փայլուն շուրթեր. ամեն ինչ բավական պարզ է, միաժամանակ՝ շատ կանացի եւ նուրբ, ինչպես ինքը՝ Վիկտորիան:

Դեմքի բարեմասնություններն ընդգծելու համար պահանջվում է նվազագույն չափով կոսմետիկա եւ ջանք, իսկ արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները: Տնային պայմաններում նման դիմահարդարում անելու համար անհրաժեշտ են լավ փրայմեր (դիմահարդարման հիմք), ինչպես նաեւ տոնային կրեմ:

Սնգույրը պետք է բնական դժգույն վարդագույն երանգ ունենա: Ինչ վերաբերում է ստվերաներկին. կարելի է օգտագործել մարմնագույն անփայլ երանգներ: Սեզոնի հիթը խիտ հոնքերն են: Դրանք կարելի է ընդգծել շագանակագույն մատիտով: Իսկ շուրթերը պետք է շեշտադրել բաց գույների փայլով:

NEWS.am STYLE-ն առաջարկում է ուսումնասիրել Վիկտորիա Բեքհեմի ցուցադրությունների բնական դիմահարդարման լավագույն ընտրանին:

Կարինե Աբրահամյան



© NEWS.am STYLE