Հնդկական սերիալների աստղերը վաղը կժամանեն Հայաստան․ այստեղ կայանալիք համերգին նրանք կերգեն հայկական եւ հնդկական երգեր

13:05   2 հուլիսի, 2019

Վաղը Հայատանում բոլիվուդյան տրամադրություն կլինի։ Երեւան կժամանեն հնդկական ամենահայտնի սերիալների՝ «Մերժված»-ի ու «Թռիչք»-ի հայտնի աստղեր Ռաշամի Դեսային, Թինա Դատան, Սպանդան Չատուրվերդին, Գաուրավ Չոպրան, Վիջաենդրա Կումերիան եւ Մրունալ Ջային։ Արտիստների հայաստանյան այցը նախատեսված էր այսօր, ինչի կապակցությամբ «Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել նաեւ հնդկական սերիալների երկրպագուները՝ դիմավորելու իրենց սիրելի դերասաններին։ Համերգի կազմակերպիչներից Վարդան Սարգսյանը, սակայն, տեղեկացրեց, որ Մումբայում ժամեր առաջ տեղի ուեցած ջրհեղեղի պատճառով հնդիկ դերասանների հայաստանյան չվերթը հետաձգվել է վաղվա։ Վարդանը վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, եւ երկրպագուները կարող են վստահ լինել, որ բոլիվուդյան աստղերը շատ շուտով կլինեն Հայաստանում եւ ուրախ համերգ կպարգեւեն բոլորին։

Հնդիկ աստղերի մասնակցությամբ համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նրանց հետ ելույթ կունենան նաեւ հայ հայտնի արտիստներ, այդ թվում՝ Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ալլա Լեւոնյանը, Վարդան Սարգսյանն ու Սոնա Շահգելդյանը։ Վարդանը նշեց, որ նախքան համերգային փորձերը հնդիկները հնարավորություն կունենան լինելու նաեւ Հայաստանի որոշ տեսարժան վայրերում, իսկ համերգի օրը անակնկալ կմատուցեն երկրպագուներին՝ կկատարեն ինչպես հնդկական, այնպես էլ՝ հայկական երգեր։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE